Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կատարվող աշխատանքները մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը կավարտվեն։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերանորոգման աշխատանքների մեկնարկից հետո հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացավ։ Շատերը սկսեցին քննադատել և նշել, որ այնտեղ կատարվող աշխատանքները պատշաճ կերպով չեն կատարվում։ Մի հատվածն էլ մտահոգություն էր հայտնում, որ այդ աշխատանքները մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության տարելիցի օր) ավարտին չեն հասցվի։
«Մանիպուլյացիաները շատ են, որովհետև հուշահամալիրում մույթերի վերականգնման հետ կապված տարվող աշխատանքները նորություն չեն նաև տեխնոլոգիական առումով։ 2015 թվականին այդ նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյան վերանորոգումը։ Այժմ կա հետևյալ պայմանավորվածությունը՝ 3 մույթի վերանորոգումը կամփոփվի, ապա ևս մեկ անգամ հաջորդ մույթերի մասով տարվելիք աշխատանքները գիտամեթոդական խորհրդում կքննարկենք։ Ցանկացած քաղաքացի, որ ցանկանում է ներկա գտնվել այդ մասնագիտական քննարկումներին, կարող է ինձ հետ գալ այցի։ Խնդրում և պահանջում եմ դադարեցնել այդ ապատեղեկատվությունը, այդ զրույցները, քանի որ աշխատանքներն այնպես են կատարվում, որ այցելուների մուտքերին չխանգարի։ Այս պահին սկսված աշխատանքները մինչև ապրիլ կավարտվեն»,- նշեց Անդրեասյանը։
Նա ընդգծեց, որ Ծիծեռնակաբերդում արվում են անհրաժեշտ աշխատանքները, դրանք բնականաբար շարունակվում են։ Շեշտեց՝ ինքն էլ ամեն շաբաթ լինում է հուշահամալիրում, որպեսզի տեսնի՝ ինչպես են աշխատանքներն ընթանում։ Ըստ Անդրեասյանի՝ ամբողջ ընթացքը վերահսկվում է մասնագիտական համապատասխան կազմի կողմից, որտեղ թե՛ գիտամեթոդական խորհուրդն է, թե՛ տեխնիկական, թե՛ հեղինակային հսկողություն իրականացնող անձինք են։
Նախարարն ընդգծեց, որ մույթերի վերանորոգման համար բազմաթիվ հետազոտություններից հետո լուծումներ են առաջարկել մի խումբ մասնագետներ, այդ թվում և հեղինակը։
Sputnik Արմենիա
