Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 10-ին մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (առավել հայտնի է որպես «ՄԱՊ»-ի Ալիկ) բողոքը վերաքննիչ ատյանի որոշման դեմ, որով վերջինս բեկանել էր նախկին պաշտոնյայի օգտին կայացված վճիռն առաջին ատյանի կողմից և գործն ուղարկել նոր քննության: Այս մասին գրում է «Հետքը»:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2003-2017 թթ. պատգամավորի պաշտոն զբաղեցրած գործարար Ա. Պետրոսյանին մեղադրում է այն բանում, որ նա օժանդակել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելուն, այլ կերպ ասած՝ փողերի լվացմանը։ Խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած կաշառքի գումարները լվանալուն է վերաբերում: Պետրոսյանի դրվագը Արամ Հարությունյանին վերաբերող մեծ գործի մի մասն է, որն անջատվել է առանձին վարույթ, իսկ հետո հասել է դատարան:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022-ի հունիսին անմեղ էր ճանաչել նախկին պատգամավորին: Դատարանի այս վճիռը Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ ատյան: 2023-ի սեպտեմբերին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել էր մեղադրող կողմի բողոքը, բայց ոչ թե ազատազրկման էր դատապարտել Պետրոսյանին, այլ գործն ուղարկել էր ստորին ատյան՝ նոր ձևավորված Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
Ալեքսան Պետրոսյանն իր հերթին վերաքննիչի այս որոշումը բողոքարկել էր վճռաբեկ ատյան, որն այն վարույթ էր ընդունել 2024-ի հունիսին: Եվ ահա գրեթե 1,5 տարի անց Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը, ինչը նշանակում է, որ Պետրոսյանի գործը պետք է քննվի Հակակոռուպցիոն դատարանում:
Արամ Հարությունյանին վերաբերող քրգործը հարուցվել էր դեռ 2015-ի աշնանը, սակայն Պետրոսյանը դրանում ներգրավվել է 4 տարի անց միայն: 2019-ի նոյեմբերին նա ձերբակալվել էր, ապա դարձել գործով մեղադրյալ, նույն ամսում նախկին պատգամավորը կալանավորվել էր, կալանք էր դրվել նաև «ՄԱՊ» ՓԲԸ-ում նրան պատկանող 97 % բաժնետոմսերի վրա: 2019-ի դեկտեմբերին Պետրոսյանի մասով անջատվել էր առանձին վարույթ, որն էլ օրեր անց մտել էր դատարան: 2020 թ. հունվարին դատարանը Պետրոսյանի կալանքը փոխարինել էր գրավով, որն ուժի մեջ է մինչ օրս:
Ինչպե՞ս է Պետրոսյանն, ըստ մեղադրանքի, աջակցել Հարությունյանին փող լվանալ
Ըստ Գլխավոր դատախազության մեղադրանքի՝ Ալեքսան Պետրոսյանը, հանդիսանալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲԸ-ի սեփականատեր, նաև լինելով ԱԺ պատգամավոր, մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Արամ Հարությունյանի հետ: Նկատենք, որ Պետրոսյանն ու Հարությունյանը, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ լինելով, 2003-ին դարձել էին ԱԺ պատգամավոր, 2004-ին Հարությունյանը նշանակվել էր քաղաքաշինության նախարար, իսկ 2007-ին՝ բնապահպանության: Իր հերթին Պետրոսյանը շարունակել էր պաշտոնավարումը ԱԺ-ում: Ընդ որում՝ 2006-ին երկուսն էլ դուրս էին եկել ՕԵԿ-ից ու շուտով միացել իշխող ՀՀԿ-ին:
2007-ի աշնանը Ալեքսան Պետրոսյանի որդու՝ Մակարի «Լուլիար» ՍՊԸ-ն հաղթող էր ճանաչվել Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի հանքավայրի ուսումնասիրման իրավունք ձեռք բերելու աճուրդում, որը կազմակերպել էր բնապահպանության նախարար Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը: Շուտով հայտնվել էր գործարար Սիլվա Համբարձումյանը, որը հետաքրքրություն էր ցուցաբարել Հայաստանի մի շարք հանքավայրերի նկատմամբ: Ըստ Դատախազության՝ կին գործարարն Արամ Հարությունյանից տեղեկացել էր, որ Սառնաղբյուրի հանքի հանդեպ իրավունքը պատկանում է Պետրոսյանների «Լուլիարին», սակայն նախարարը Համբարձումյանին հայտնել էր, որ կարող է գումարի դիմաց կազմակերպել Սառնաղբյուրի և գործարար կնոջը հետաքրքրող մյուս լիցենզիաների տրամադրումը վերջինիս: Համբարձումյանը համաձայնել էր, ինչից հետո Արամ Հարությունյանը, նյութական շահագրգռվածությունից ելնելով, կազմակերպել էր լիցենզիա ունեցող «Լուլիար» ՍՊԸ-ի փոխանցումը Սիլվա Համբարձումյանին: Հետագայում դատարանում վերջինս հայտարարել էր, որ ինքն ու Հարությունյանը «Լուլիարի» ձեռքբերման համար պայմանավորվել էին 1 մլրդ դրամի սահմաններում, որն ինքը «ՎՏԲ-Հայաստան Բանկում» տվել է նախարարին: Իսկ Մակար Պետրոսյանը դատարանում հայտնել էր, որ ինքն ու Սիլվան համաձայնության են եկել «Լուլիար» ՍՊԸ-ն 30 հազ. դոլարով վաճառելու շուրջ: 2007-ի նոյեմբերին ընկերության սեփականատեր ու տնօրեն էր դարձել կին գործարարը:
Բացի դրանից՝ Հարությունյանն ու Համբարձումյանը համաձայնության են եկել 14 մլն դոլար կաշառքի դիմաց հանքերի ուսումնասիրության 10 լիցենզիա ձեռք բերելու շուրջ: 2008 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Ս. Համբարձումյանը ստացել էր լիցենզիաները. խոսքը Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում գտնվող հանքերի մասին է: Նույն ժամանակահատվածում Համբարձումյանը «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հաշվեհամարներից կանխիկացրել էր 6 մլն դոլար ու միջնորդի միջոցով փոխանցել Արամ Հարությունյանին:
Դատախազության տվյալներով՝ կաշառքի մնացած մասը՝ 8 մլն դոլարը, Արամ Հարությունյանը Սիլվա Համբարձումյանից ստացել էր 2008-2011 թթ. ընթացքում բանկային փոխանցումների միջոցով: Այդ հարցում նախկին նախարարին օժանդակել էին նրա մտերիմներ Արմեն Խաչատրյանը, Գագիկ Կարապետյանը, Վիկտոր Մարտիրոսյանը, ինչպես նաև 1990-ականներից ԱՄԷ-ում բնակվող, անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ՀՀ քաղաքացի Արաքս Դիլանյանը:
News.am
