«Զանգեզուրի միջանցքը» սկսվում է Ադրբեջանում և ավարտվում է Թուրքիայում, իսկ «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) այդ միջանցքի բաղկացուցիչներից մեկն է։ Այս մասին նոյեմբերի 4-ին Երևանում կայացած «Օրբելի 2025» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռուսիֆ Հուսեյնովը»։
«Չգիտեմ, Հայաստանի սովորական քաղաքացիներին դուր է գալիս «Զանգեզուրի միջանցք» տերմինը, թե ոչ, բայց ադրբեջանական հայեցակարգում «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը ավելի լայն մասշտաբներ ունի»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետաքրքրված է այս կոնկրետ հաղորդակցության գծով, քանի որ այն ամենակարճ ճանապարհն է։
Հուսեյնովը նշել է, որ պետք է սպասել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բանակցություններին՝ որոշելու համար, թե ինչ համաձայնության կհասնեն կողմերը TRIPP նախագծի իրականացման ձևաչափի վերաբերյալ։
Նա կոչ է արել մարդկանց սպասել և տեսնել, թե ինչպես է այս նախագիծը գործում և միայն դրանից հետո կենտրոնանալ մյուսների իրականացման վրա։
Հուսեյնովը հավելել է, որ տարածաշրջանում այնքան արագ է ամեն ինչ փոխվում, որ դժվար է հետևել գործընթացներին։ «Երբ 2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահները տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում, շատերն ասում էին, որ ռուսներն այնտեղից երբեք դուրս չեն գա։ Սակայն նրանք հեռացան նույնիսկ մանդատի ավարտի ժամկետից շուտ։ Հիմա դեռ անհասկանալի է, թե ինչ կարող են տարածաշրջանին առաջարկել Ռուսաստանն ու այլ արտաքին խաղացողներ»,- ընդգծել է նա։
News.am
