Логотип

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է նորանշանակ փաստաբանի ծառայությունից

Բաքվում հերթական «դատական նիստի» ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է վերջերս նշանակված փաստաբան Էմիլ Բաբիշովի ծառայություններից: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Աբրահամ Բերմանի ծառայություններից ավելի վաղ հրաժարված Վարդանյանին նոր փաստաբան է նշանակվել՝ Էմիլ Բաբիշովը: Հայտնել էին, որ Վարդանյանը նոր փաստաբանի նշանակման մասով առարկություն չունի։

«Այսօր շինծու «դատական նիստի» ժամանակ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է հայատյաց փաստաբանի ծառայություններից։ Նա ճիշտ է վարվել՝ Բաբիշովը ակնհայտորեն տորպեդահարում է այդ «դատական» ֆարսը, որը, հիշեցնեմ, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ», – հայտարարել է Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ բավական է տեսնել սոցցանցում Բաբիշովի էջը՝ համոզվելու համար, որ նա հայատյաց հայացքներ ունի։

«Բացի այդ, նա իր էջում զետեղել է արհամարհական-հեգնական բովանդակությամբ տեսանյութ, որտեղ ադրբեջանցիները Շուշիում գտնվելիս հարցնում են՝ «ի՞նչ է պատահել, Փաշինյան» (արտահայտություն, որը 2020 թվականին ասել էր Ալիևը-խմբ.)»,-նշել է նախկին պատգամավորը։

Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Ընտանիքի միջոցով փոխանցված իր մեկնաբանության մեջ Վարդանյանը նշել է, որ դա պարտադրված որոշում էր։ Հայտնի բարերարը փաստել է, որ անցած ամիսների ընթացքում սպառվել են պաշտպանության ընթացակարգային բոլոր հնարավորությունները: Վարդանյանը հայտարարել է, որ իրեն պաշտպանության պատրանք պետք չէ, և ինքը հրաժարվում է մասնակցել այդ ֆարսին։

Հիշեցնենք նաև, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա