Логотип

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԲԱՔՎԻ ԲԱՆՏԻՑ ՈՒՂԵՐՁ Է ՓՈԽԱՆՑԵԼ «ԱՎՐՈՐԱ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ․ դափնեկրի անունը կհայտարարի նոյեմբերի 6-ին Նյու Յորքի Էլիս կղզում՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ Այս տարի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի 1 միլիոն դոլար պարգևին հավակնում են մարդասիրական գործիչ Սալի Բեքերը (Միացյալ Թագավորություն), բժիշկներ Ջամալ Էլթայեբը (Սուդան), Զուհայր Լահնան (Մարոկկո) և Ջիլ Սիմանը (ԱՄՆ/Հարավային Սուդան)։

«Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին»,- նշված է Վարդանյանի ուղերձում։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր

հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին իրեն և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հատուկ շնորհակալություն է հայտնել համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին և Վարդան Գրեգորյանին։ Ռուբեն Վարդանյանը հույս է հայտնել, որ «Ավրորան» ԱՄՆ-ում տեղակայված լինելու դեպքում էլ կշարունակի պահպանել իր հայկական արմատները։

Sputnik Արմենիա