2025 թվականի նոյեմբերի 11–12-ին Երևանում՝ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ, Հարավային Կովկասում առաջին անգամ կանցկացվի ֆինանսական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ միջազգային PLAS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը։ Ֆորումի կազմակերպիչն է PLUS Group ընկերությունը, համակազմակերպիչը՝ Armenian Card ազգային վճարային համակարգը։
FinnoWay Armenia 2025-ը կհամախմբի պետական կառույցների, բանկային և ֆինանսական հատվածի, միջազգային վճարային համակարգերի, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, մանրածախ առևտրային և էլեկտրոնային առևտրի (e-commerce) ցանցերի, ինչպես նաև ներդրողների և ստարտափ էկոհամակարգերի ներկայացուցիչների՝ Հայաստանից, Հարավային Կովկասի երկրներից, Կենտրոնական Ասիայից և այլ տարածաշրջաններից։
Ֆորումի ծրագիրը ներառում է տարածաշրջանի թվային և ֆինանսական էկոհամակարգերի զարգացմանն առնչվող արդիական թեմաներ։ Քննարկումների կենտրոնում կլինեն բանկային համակարգի թվային վերափոխման գործընթացները, ազգային վճարային գործիքների զարգացումը, կիբերանվտանգության նորարար լուծումները և ֆինանսական տեխնոլոգիաների ինտեգրումը պետական կառավարման ոլորտում։
Ֆորումի առանձին պանելները նվիրված կլինեն ֆինտեխի և պետական կառավարման ինտեգրման հեռանկարներին՝ ներառյալ պետական ծառայությունների թվային հարթակների և RegTech գործիքների զարգացումը, վճարային համակարգերի անվտանգության հարցերը, կիբեռսպառնալիքներին հակազդելու մեխանիզմներն ու վստահելի թվային միջավայրի ձևավորումը։ Քննարկումները կներառեն նաև ստարտափ էկոհամակարգի զարգացման, Հայաստանում և Հարավային Կովկասի երկրներում վենչուրային ներդրումների ներգրավման, էլեկտրոնային առևտրի, թվային ռիթեյլի և բազմաալիքային լուծումների ապագային, արհեստական բանականությանը, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների և կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացման գործում մեծ տվյալների դերակատարությանը, այդ թվում՝ թվային տնտեսության զարգացման և այլ արդիական հարցեր։
Հատուկ ուշադրություն կդարձվի տարածաշրջանային ինտեգրման, պետական կարգավորող մարմինների համագործակցության և համատեղ նախաձեռնությունների ձևավորման հարցերին, որոնք ուղղված են ֆինանսական կայունության ամրապնդմանը և թվային գործիքների նկատմամբ վստահության բարձրացմանը։
Ֆորումի բանախոսների թվում կլինեն միջազգային և տարածաշրջանային առաջատար հաստատությունների ներկայացուցիչներ՝
– Մարտին Գալստյան, վարչության նախագահ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
– Գևորգ Մանտաշյան, առաջին փոխնախարար, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
– Վարդան Խաչատրյան, գլխավոր տնօրեն, Armenian Card ընկերություն
– Յաննոս Ասխիոտիս, կառավարչական գործընկեր, Pnyx Hill & GRC Partners,
– տնօրենների խորհրդի անդամ՝ Revolut Digital Technologies և StoneX Europe ընկերություններում
– Ռիտեշ Շուկլա, գլխավոր և գործադիր տնօրեն, NPCI International Payments Limited (NIPL)
– Ջիջի Վանգ, գիտաշխատող և դասախոս, Սուտարդջայի ձեռնարկատիրության և – տեխնոլոգիաների կենտրոն, Կալիֆոռնիայի Բերկլիի հետազոտական համալսարան
– Ջերեմի Բեկաշե, վաճառքների տնօրեն՝ Ֆրանսիա և Կովկաս, Fireblocks ընկերություն
– Դիաս Երմանղամբետով, վենչուրային ներդրող, Big Sky Capital (վենչուրային հիմնադրամ՝ ներդրումներ կորպորատիվ SaaS լուծումներում)
– Ռաֆալ Տրեպկա, փոխնախագահ՝ հաճախորդների լուծումների գծով Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում, Mastercard
– և ոլորտի այլ առաջատար ներկայացուցիչներ։
FinnoWay Armenia 2025-ը կոչված է դառնալու պետական կարգավորողների և բիզնեսի միջև երկխոսության հիմնական հարթակ՝ նպաստելով փորձի փոխանակմանը և նոր տնտեսական դաշինքների ձևավորմանը։ Այն նպատակ ունի խթանել միջազգային համագործակցությունը, զարգացնել նորարարական ենթակառուցվածքները և խրախուսել ներդրումները տարածաշրջանի թվային տնտեսության մեջ։
Ֆորումի ավարտին կամփոփվեն քննարկումների գործնական արդյունքները և կնախաձեռնվենլ համագործակցային նոր ծրագրեր՝ ֆինանսական, ՏՏ և պետական հատվածների ներկայացուցիչների միջև։
Նշենք նաև, որ ֆորումը կանցկացվի նոյեմբերի 11–12-ին, «Մերիդիան» էքսպո կենտրոնում, և կհամախմբի ավելի քան երկու հազար մասնակից, այդ թվում՝ հինգ հարյուրից ավելի բարձրաստիճան ղեկավարներ և ավելի քան հարյուր երեսուն միջազգային բանախոսներ։ Միջոցառմանը կմասնակցեն առաջատար բանկեր, ֆինտեխ ընկերություններ, վճարային համակարգեր, ներդրումային հիմնադրամներ և ՏՏ ինտեգրատորներ։
Կազմկոմիտեն հրավիրում է գործընկերային մասնակցության այն կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են համատեղ նախաձեռնությունների առաջմղմամբ, նորարարական նախագծերի իրականացմամբ և գործարար կապերի ամրապնդմամբ Հայաստանում և տարածաշրջանի երկրներում։
FinnoWay Armenia PLAS-Ֆորումի շրջանակում նախատեսվում է արժեքավոր մրցանակների խաղարկություն միջոցառման ամենաակտիվ մասնակիցների միջև։
Միջոցառման պաշտոնական էջը՝ https://fa.plus-forum.com
Գրանցում՝ https://fa.plus-forum.com/#tariffs
PLUS Group ընկերությունը միջազգային PLAS-ֆորումներ է կազմակերպում 2009 թվականից։ 2021 թվականից ընկերությունը ակտիվորեն զարգացնում է տարածաշրջանային միջոցառումների շարքը Կենտրոնական Ասիայի երկրներում։ Երևանյան ֆորումը կդառնա առաջինը Հարավային Կովկասում և կնպաստի ֆինանսատեխնոլոգիական շուկայի մասնակիցների միջև երկարաժամկետ մասնագիտական համագործակցության ամրապնդմանը։
News.am
