Логотип

Daily Express․ Հայ Առաքելական եկեղեցին բախվում է քաղաքական հետապնդումների

Աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում դավանանքի ազատությունը լուրջ սպառնալիքի տակ է: Այս մասին ասվում է «Daily Express» պարբերականի նոր զեկույցում։

Ինչպես նշում է պարբերականը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա ճնշում գործադրելու մեջ: Մասնավորապես, ասվում է, որ նա ձգտում է հեռացնել եկեղեցու հոգևոր առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, ինչպես նաև բանտարկել է մի շարք հոգևորականների և ծխականների։ Առանձին նշվում է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել կառավարությանը քննադատելու համար։

Բրիտանական խորհրդարանի կրոնի ազատության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ, Փիթերբորոն ներկայացնող լորդ Ջեքսոնը հայտարարել է.

«Այն միտքը, որ աշխարհի հնագույն քրիստոնեական երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ և ժամանակակից Եվրոպայում քրիստոնյաներին բանտ են նետում իրենց հավատքը պաշտպանելու համար, սարսափելի է։ Հայաստանում քրիստոնյաները պետք է հնարավորություն ունենան ազատորեն հավաքվել և կատարել ժամերգություններ՝ առանց բռնի ահաբեկման, բանտարկության կամ որևէ այլ վատ բանի սպառնալիքի: Աշխարհը հետևում է պատերազմական վիճակում գտնվող քրիստոնյա համայնքների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին»:

«Amsterdam&Partners» միջազգային իրավաբանական ընկերության զեկույցում Փաշինյանը մեղադրվում է նաև կառավարման ավտորիտար մեթոդների և առաջիկա ընտրություններում իշխանությունը պահպանելու ձգտման մեջ: Զեկույցի տվյալներով՝ չնայած վարչապետի վարկանիշի անկմանը, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է լայն աջակցություն վայելել. Հայաստանի երեք միլիոն բնակչության 97,5%-ը հայտարարում է իր հավատարմության մասին:

Alpha News