Логотип

Ալեքսանդր ՑԻՆԿԵՐ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է

ICES միջազգային կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ քաղաքական իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է, սակայն սոցիալ-հոգեբանական առումով այն շարունակվում է:

«Աշխարհում այժմ ձևավորվել է մի միտում, որի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն նախաստորագրվել է համաձայնագիր։ Ճիշտ է՝ լիարժեք ստորագրված պայմանագիր դեռ չկա, բայց գործընթացը կարծես թե շարժվում է, և, ինչպես պնդում են, մնացել են միայն դետալներ, որոնք ժամանակի ընթացքում կլուծեն, և ամեն ինչ լավ կլինի։ Այնուամենայնիվ, իրականում դեռ շատ մարտահրավերներ կան: Նախ, Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի նկատմամբ չեն դադարել։ Նրանք դեռ դիտողություններ ունեն և՛ համաձայնագրի տեքստի, և՛ այն մասին, թե ինչ Հայաստանը դեռ պետք է անի։ Թե ինչ է ներկայացնում Հայաստանն Ադրբեջանին, այնքան էլ պարզ չէ, և արդյոք ներկայացնում է ընդհանրապես։ Մյուս կողմից, երկրների ղեկավարների և բնակչության շրջանում խաղաղության պայմանագրի նկատմամբ վերաբերմունքը երկու շատ տարբեր բաներ են», — ասել է Ցինկերը։

Փորձագետի կարծիքով՝ խնդիր կա այն բանի միջև, թե ինչ են ներկայացնում ղեկավարները և այն, թե ինչ է զգում ժողովուրդը:

«Կա մեծ խնդիր. այն, ինչ ուզում են կամ գոնե հայտարարում են երկրների ղեկավարները, և այն, ինչ իրականում մտածում են այդ երկրների ներսում գտնվող մարդիկ, տարբեր բաներ են։ Ես կարդում եմ հայերի մեկնաբանությունները Ադրբեջանի մասին, ադրբեջանցիների մեկնաբանությունները Հայաստանի մասին, և երևում է, որ իրական խաղաղությունը դեռ հեռու է: Շատ բան կա անելու։ Բնականաբար, այս համաձայնագրի հեղինակները՝ երկու երկրների ղեկավարները, ջանում են, որպեսզի գործընթացը չխափանվի։ Եթե Փաշինյանն իր բոլոր ելույթներում փորձում է ընդգծել, որ «մենք գնում ենք դեպի խաղաղություն» և «մեր ծրագիրը տանում է դեպի խաղաղություն», ապա Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի ելույթներում սովորաբար այլ բան է հնչում: Սկզբում նա խոսում է պայմանագրի ստորագրման մասին, իսկ արդեն երկրորդ նախադասությունից սկսում է թվարկել պահանջները», — եզրափակել է Ցինկերը։

Alpha News