Մոսկվան և Թեհրանը մտահոգություն չեն հայտնել TRIPP նախագծում ամերիկացիների ներկայության վերաբերյալ։ «Օրբելի» կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրեց՝ Հայաստանում գործում են ամերիկյան մասնակցությամբ ընկերություններ, ինչպես նաև բազմաթիվ ընկերություններ այլ արտասահմանյան կապիտալով՝ արգենտինական, չինական և այլն։ Միրզոյանը հավելեց՝ ծրագիրը մեծ քաղաքական ուշադրություն է գրավում, և ինքը չի կարող ասել, թե դա համեմատելի է ջրային պաշարների կամ օդանավակայանի կոնցեսիոն կառավարման հետ։ Հավելեց՝ սա տնտեսական և քաղաքական մեծ նշանակություն ունի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի համար խաղաղության գործիքներից ու երաշխիքներից մեկն է։
«Սա չի նշանակում ամերիկյան վերահսկողություն ենթակառուցվածքի նկատմամբ։ Բոլոր այն հարցերը, որոնք վերաբերելու են ինքնիշխանությանը, իրավազորությանը, լուծված են։ Լինելու է Հայաստանի ուղիղ ինքնիշխանությունը ենթակառուցվածքի նկատմամբ, գործելու է Հայաստանի ուղիղ իրավազորությունը․․․ Վերահսկողություն, անվտանգություն, դրանից բխող որևէ բան ՀՀ ինքնիշխան և բացառիկ իրավունքն է, և այն որևէ կերպ չի խախտվելու»,- ասաց Միրզոյանը։
Նա հավելեց՝ խոսքը զուտ տնտեսական մենեջմենտի մասին է, ու դա է պատճառը, որ պաշտոնական Մոսկվայից կամ Թեհրանից մտահոգություններ չեն հնչել։
Միրզոյանի խոսքով՝ այդ կառավարման մոդելի վերաբերյալ հիմա բանակցություններ են ընթանում, սակայն իր պատկերացմամբ՝ լինելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը կկառուցի երկաթուղին և կզբաղվի ամենօրյա մենեջմենտով։
ՀՀ արտգործնախարարը նաև խնդրեց չօգտագործել «միջանցք» տերմինը Հայաստանի հարավով անցնող ենթակառուցվածքների մասին խոսելիս, որովհետև, ըստ նրա, երբ լսում ենք «միջանցք» բառը, արթնանում է այն մտահոգությունը, որ այստեղ թաքնված այլ մտադրություն կա, որը կարող է վնաս հասցնել ՀՀ ինքնիշխանությանը։ Դրա համար էլ կա ենթակառուցվածքի պաշտոնական, համաձայնեցված անուն՝ TRIPP, որի տակ ստորագրել են ՀՀ վարչապետը, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահները, և հենց այդ անունով ստեղծված ենթակառուցվածքի ստեղծումն են ողջունել բազմաթիվ երկրներ։
Sputnik Արմենիա
