Логотип

Միրզոյան․ Ալիևի հայտարարությունը չի տեղավորվում խաղաղության նարատիվի մեջ, բայց Բաքվի կողմից կառուցողական քայլեր են արվում

Կդժվարանամ ժամանակ ասել՝ երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, բայց այդ պայմանագրի նախաստորագրմամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը արձանագրված է, հաստատված է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Դիտարկմանը, որ Բաքվից ապակառուցողական հայտարարությունները շարունակվում են, նախարարն ասաց. «Ես էլ կարող եմ ասել, որ Բաքվից կառուցողական քայլերն էլ են շարունակվում։ Համաձայն չե՞ք։ Մենք մի րոպե առաջ խոսում էինք Ադրբեջանով Հայաստան մտնող բեռների մասին։ Կարո՞ղ եք սա ապակառուցողական նկարագրել։ Կարծում եմ՝ ոչ»։

Ինչ վերաբերում է նրան, որ Ալիևը Սևանա լիճն անվանում է Գյոյչա, որքանո՞վ է դա տեղավորվում խաղաղության օրակարգի մեջ, Արարատ Միրզոյանը նկատեց. «Չի տեղավորվում, բայց մի ճշտմամբ. Ես չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձևակերպումը այսպիսին էր՝ ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա։ Չեմ կարծում, որ Ալիևն ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոյչա։ Բայց միևնույն է՝ ամենակառուցողական ձևակերպումը չի, իսկապես չէինք ասի, որ սա տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել, որ կան ցարական շրջանի բազմաթիվ քթարտեզներ, որտեղ կա Սևան։ Չեմ էլ ուզում շատ հետ գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնել մի քիչ ավելի լայն տարածքի վրա։

Եկեք խոսենք իրական Հայաստանի, իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին։

Ասում եք՝ ապակառուցողական նարատիվներ, բայց մյուս կողմից եկեք նայենք, թե ինչ կա իրականում։ Կա ստորագրություն Ալմա–Աթայի հռչակագրով սահմանների և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ Ինձ համար, որպես կառավարության անդամի, սրա կշիռն անհամեմատ ավելի մեծ է։ Կա Հայաստան բեռների անցում Ադրբեջանի տարածքով, ադրբեջանական եկաթուղով։ Ինձ համար սա անհամեմատ ավելի ծանր կշիռ ունեցող երևույթ ու քայլ է։

Չէի ասի, որ այդ հայտարարությունները լավն են, բայց դե կամաց–կամաց առաջ կգնանք»։

News.am