Նոյեմբերի 3-ին Բաքվում հայտարարեցին, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «մեղքը» հունվարի կեսից ընթացող հանցավոր ինքնադատաստանով «հաստատված է»: Այլ բան, իհարկե, չէինք էլ սպասում. իրավապաշտպանները բազմիցս զգուշացրել են, որ դատավճիռն ի սկզբանե կանխորոշված է, և Արցախի առաջնորդները հաստատ դատապարտվելու են տևական ազատազրկման:Ինչպես որ կասկածից վեր է, որ ներկայիս իշխանության օրոք Բաքվի բանտերում ապօրինի պահվող բոլոր հայերի ազատ արձակում ակնկալելն ուղղակի անիրատեսական է։
ՍԱԿԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՅԻՆ ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐ, որոնց վրա ներքին իրադարձությունների բովում քչերն ուշադրություն դարձրեցին Հայաստանում: Այն է՝ Բաքուն կրկին մեղադրեց «հայկական պետությանը հանցագործության կատարման մեջ», հայտարարեց, որ պատանդի կարգավիճակում հայտնված Արցախի ղեկավարության դերը «կրկին կվերլուծվի», ինչպես նաև հերթական անգամ ընդգծեց, որ «դատարանի առջև է կանգնել հանցագործություններին մասնակից մեղադրյալների լոկ մի մասը»:
Գործնականում նույնպիսի հայտարարություն էր հնչեցվել գրեթե մեկ տարի առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին. տեղեկացնելով Արցախի առաջնորդների դեմ «քրեական գործը դատարան ուղարկելու» մասին, Բաքվի դատախազությունը նշում էր, որ այն վերաբերում է «Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի համակողմանի աջակցությամբ իրականացված անօրինական գործողություններին»։
«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, առաջնորդվելով նրանով, որ նշված դրվագներով կասկածվող բազմաթիվ անձինք, ինչպես նաև վկաները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, համագործակցության է հրավիրում Հայաստանի պատկան մարմիններին»,- ասված էր հաղորդագրության մեջ: Ավելորդ է նշել, որ «Հայաստանի պատկան մարմինները» ծպտուն անգամ չհանեցին ի պատասխան այդ անթույլատրելի լկտի «հրավերի». իբր անտեսելով, իսկ իրականում միանգամայն հնարավոր համարելով նման «համագործակցությունը»։
Այսօր, տեղեկացնելով Արցախի առաջնորդների և ռազմագերիների նկատմամբ «դատավարության» ավարտի մասին, որի կեղծ բնույթն ակնհայտ է ցանկացած կողմնակի դիտորդի համար, Բաքվում կրկին կրկնում են, թե դա «մեղադրյալների լոկ մի մասն է»: Եվ որ սա «դատ» է ոչ միայն առանձին մարդկանց, թեկուզև բարձրաստիճան զինվորականների ու պետական գործիչների, այլ հայ ժողովրդի Ազգային-ազատագրական շարժման նկատմամբ: «Դատ» Հայաստանի և նրա բանակի նկատմամբ, այն բանակի, որը պատմական հաղթանակ տարավ Արցախյան առաջին ազատամարտում և հաջորդ բոլոր տարիներին ամուր պաշտպան կանգնեց վերամիավորված Հայրենիքի սահմաններին:
Եվ Բաքվի այդ «դատին» մեղադրյալի աթոռին են նստելու Ղարաբաղյան շարժման բոլոր առաջնորդներն ու ակտիվ գործիչները, նշանավոր զորահրամանատարները, Արցախի ու Հայաստանի հերոսները, հարցով մասնագիտորեն զբաղվող փորձագետները, դիվանագետները, հասարակական գործիչները, լրագրողները… Ցանկը կարելի է շարունակել՝ ներառելով նաև Սփյուռքի գործիչներին։
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼԻՈՎԻՆ ՈՒՆԱԿ ԵՎ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԼԻԵՎԻՆ ՀԱՆՁՆԵԼ ԱՅԴ ՑՈՒՑԱԿԻՑ ՑԱՆԿԱՑԱԾԻՆ, վաղուց է խոսվում։ Եվ սա ամենևին էլ ենթադրություն չէ, այլ դառը ճշմարտություն. մեզանից շատերը դեռևս մինչև վերջ չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում և էլ ինչի է ընդունակ այս ռեժիմը։ Չեն պատկերացնում նաև, թե ինչ կհաջորդի, եթե Նիկոլին՝ Էրդողանի, Ալիևի և իր մյուս տերերի աջակցությամբ, հաջողվի ինչ-որ հրաշքով պահպանել իշխանությունը։
Անկեղծ ասած, նույնիսկ ամենաթունդ հոռետեսների ու իրատեսների համար դժվար է կանխատեսել Նիկոլի քայլերն այդ դեպքում, քանզի դրանք բացարձակապես ամեն սահմանից դուրս են լինելու։ Բայց ընդհանուր առմամբ «սահմանից դուրս» ամենը կարելի է ամփոփել մեկ արտահայտությամբ. դա լինելու է «դատ» Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ՝ «Ադրբեջանի դեմ հանցագործությունների» համար։ Բաքվում դրան վաղուց են պատրաստվում, իսկ վերջին տարիներին նրանք հավատարիմ դաշնակից են ձեռք բերել բուն Հայաստանում, որը պարբերաբար կարևոր «ապացույցներ» է մատուցում նրանց։ Առավելևս ծանրակշիռ, քանի որ բխում են «հայկական ղեկավարությունից»։
Բնավ պատահական չէ, որ Փաշինյանն ու իր ոհմակը անդադար ու հետևողականորեն արդարացնում են այն ամենը, ինչ ասում ու անում է Ալիևը։ Նրանց հակահայկական հռետորաբանության անթիվ օրինակները մեջբերելն անիմաստ է. այն հնչում է գրեթե ամեն օր ու ամեն շաբաթ։ Հիշեցնենք միայն ամենավերջին և ամենաստոր, դավաճան ու ցինիկ հայտարարություններից մեկը։
Ընդամենը մեկուկես ամիս առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Փաշինյանն ասաց. «Բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»։ Մի կողմ թողնենք նույնիսկ այն փաստը, որ իր սեփական որդին 2018 թվականի մայիսին «կամավոր» մեկնել էր Արցախ՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու, ինչը լայնորեն գովազդվեց պոպուլիզմի լավագույն ավանդույթներով և, ինչ մեղքներս թաքցնենք, գոհունակությամբ ընդունվեց այն ժամանակ դեռ նոր իշխանության նույնիսկ մոլի հակառակորդների կողմից։
ԲԱՅՑ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅԴ ՓԱՍՏԸ ՆԻԿՈԼԻՆ ՀԵՏ ՉՊԱՀԵՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ՝ փաստացի հանցագործ, ապօրինաբար օտար տարածքում գտնվող «օկուպանտ», իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքը «բռնազավթած» ագրեսոր երկիր անվանելուց, կրկնելով Ադրբեջանի քարոզչական գլխավոր թեզերից մեկը։ Դժվար է պատկերացնել Հայաստանի Հանրապետության և համայն հայության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար Բաքվին տրված ավելի մեծ «հաղթաթուղթ»։
Թերևս միայն երկամյա վաղեմության հայտարարությունն ու Գրանադայում ստորագրված հռչակագիրը, որում սույն «գերագույն գլխավոր հրամանատարը» ճանաչեց հայկական Արցախը Ադրբեջանի մաս։ Եվ այդ ժամանակից ի վեր գիտակցաբար իր դավաճանական «ցախն» է գցում մեր երկրի դեմ Բաքվում նախապատրաստվող «դատի» կրակին։ Այդ սինքրոն գործընթացի կարևոր մասն է լինելու, անկասկած, «մեղադրյալների մնացյալ մասի», այդ թվում՝ նախկին նախագահների և քաղաքական ու ռազմական այլ գործիչների հանձնումն Ադրբեջանին:
Բայց այդ ամենը կլինի ընտրություններից հետո և ՔՊ-ի՝ որպես իշխող կուսակցության վերընտրվելու դեպքում։ Նաև այդ պատճառով է թուրքերի համար այդքան կարևոր իրենց դրածոների և հավատարիմ ծառաների թիմի վերարտադրության ապահովումը, որ ցուցադրաբար անցկացնեն այդ «դատավարությունը»։
Այնպես որ Արցախի առաջնորդների դեմ ինքնադատաստանը հավանական մղձավանջի լոկ սկզբնական մասն է, յուրօրինակ նախերգանք, որի ամենասկզբում առանձին հայ ռազմագերիների և պատանդների դեմ արդեն մոռացված դատավճիռներն են: Օրինակ, 20 տարվա բանտարկությունը Լիբանանից հայրենադարձ Վիգեն Էուլջեքչյանին, որն ավելի քան 5 տարի դանդաղ մահանում է Բաքվի բանտում, քաղաքակիրթ աշխարհի քար լռության ներքո։
Իսկ որպես եզրափակիչ ակորդ ծրագրված է դատավարությունը Ալիևի ու Փաշինյանի համար հավասարապես ատելի «պատմական» Հայաստանի նակտմամբ՝ որպես «հայոց պատմության վերջին էջի» (հիշենք լեգենդար Մոնթեին) վերջնական փակման ապացույց…
