Логотип

Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն Ադրբեջանի տարածքով արդեն հասել են ՀՀ

Ռուսական 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոններն արդեն Հայաստանում են, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը «Այրում» կայարանից։

Ավելի վաղ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովն ասել էր, որ ռուսական հացահատիկով բեռնված 15 վագոն այս գիշեր Ադրբեջանից կհասնի Վրաստանի, ապա նաև Հայաստանի տարածք։

Sputnik Արմենիայի տվյալներով` ցորենի ներկրումը կատարում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերությունը։

Լոռու մարզի «Այրում» կայարանում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որն անձամբ է դիմավորում Ադրբեջանից Վրաստան, այնտեղից Հայաստան հասած ցորենով բեռնված վագոնները։

Լրագրողների հետ զրույցում նա այս օրն անվանեց պատմական` նշելով, որ մոտ 35 տարի այս երթուղով Հայաստան ոչինչ չէր մտել։

«Ըստ էության, կարելի է ասել` այս երթուղին արդեն գործարկված է։ Առաջիկայում Հայաստան կժամանի նաև ղազախական ծագման ցորենը, որը դեռ Ադրբեջանի տարածքում է»,–գնացքը դիմավորելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:

Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։