Логотип

Ծնունդները քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել. որքա՞ն է ՀՀ բնակչության թիվը

2025 թ. հոկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 090 500 է եղել, որից 1 977 400–ը բնակվում են քաղաքներում, 1 113 100–ը` գյուղերում: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական վիճակը 2025 թ. հունվար–սեպտեմբերին» զեկույցում։

Կոմիտեի տվյալներով` հունվար–սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 23 698 մարդ` 1244–ով պակաս 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (24 942)։

Դիտարկվող ժամանակահատվում ՀՀ–ում մահացել է 19 064 մարդ։ Մահացության դեպքերը 2024 թվականի համեմատ այս տարի ավելացել են (2024 թ. մահացել է 18 959 մարդ)։ Մահացության դեպքերը հիմնականում գրանցվել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, նորագոյացություններից, շնչառական օրգանների հիվանդություններից։

Ի դեպ, 2025 թ. հունվար–սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում մայրական մահացության դեպքեր Հայաստանում չեն գրանցվել, մինչդեռ 2024 թ. հունվար–սեպտեմբերին արձանագրվել էր մայրական մահացության 6 դեպք:

Ըստ վիճակագրական կոմիտեի` 2025 թ. 9 ամսում ՀՀ–ում ամուսնացել է 10 238 մարդ, մինչդեռ 2024 թ. նույն ժամանակահատվածում ամուսնացել է 11 696 մարդ։ Այս տարի մի փոքր ավելացել է ամուսնալուծությունների թիվը` 3 617 (2024 թվականին ամուսնալուծվել է 3 422 մարդ)։

«Հանրապետությունում 2025 թ. հունվար–սեպտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծությունների 353 դեպք` 2024 թ. հունվար–սեպտեմբերի 293 դեպքի համեմատ»,– ասված է կոմիտեի զեկույցի մեջ:

Ինչ վերաբերում է նորածինների սեռերի հարաբերակցությանը, ապա ինչպես 2024 թ. հունվար–սեպտեմբերին, այնպես էլ 2025 թ. հունվար–սեպտեմբերին կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:

2025 թ. 9 ամսում ՀՀ պետական սահմանի անցման կետերով մուտք է գործել 3 919 800 մարդ, որից ՀՀ փաստաթղթերով` 1 646 600–ը։ Հայաստանից սահմանային կետերով դուրս է եկել 3 908 400 մարդ, որից 1 649 400–ը` ՀՀ փաստաթղթերով։

Sputnik Արմենիա