Логотип

Օվերչուկ․ ՌԴ-ՀՀ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը ներդրում է խաղաղության գործում

Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում։ Այն ընդգծում է համագործակցության նկատմամբ համատեղ ձգտումը: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ինչպես հայտնել ենք, այս գիշեր շուրջ 35 տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանից Հայաստան ժամանեց հացահատիկով բեռնված գնացքը, որը եկել է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

«Ողջունում ենք Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը: Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկրների միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն է իրականացվում։ Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում և վկայում է, որ մեր աշխատանքն իրականացվում է ի բարօրություն տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման», – ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների համար հայկական շուկաներին հասանելիությունը, ինչպես նաև բարելավում է ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։

«Խորհրդանշական է, որ այս երթուղով անցնող առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ կյանքի և արարման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ձգտումը», – նշել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանին, ինչպես նաև իր գործընկերներին Ադրբեջանում և Հայաստանում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված աշխատանքի համար։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Վրաստանին՝ այս երթուղով փոխադրումը կազմակերպելու գործում կառուցողական մասնակցության համար», – հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի անմիջական արդյունք էր։

Sputnik Արմենիա