Զինված ուժերի մի հսկայական հատված ոչ միայն առհասարակ չի մասնակցել ատեստացիայի քննություններին, այլև մասնակիցների շատ քիչ տոկոսն է բարձր գնահատական ստացել ու հնարավորություն ձեռք բերել 700 հազար դրամ աշխատավարձին մոտենալու: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով՝ այստեղ է հենց այն բլեֆը, որի մասին Փաշինյանը երբևէ չի խոսի։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որում հայտարարել էր, թե «Հայաստանում շարքային պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700 հազար դրամ աշխատավարձ»։
Աբրահամյանի խոսքով՝ զինուժի առնվազն կեսը չի մասնակցում ատեստացիային, մասնակիցների մոտ 40%-ը նվազագույն շեմը չի հաղթահարում, շարքային պայմանագրային անձնակազմի չնչին տոկոսն է ստանում 5 գնահատական:
«Այս ցուցանիշների առկայությունը խոսուն փաստ է զորքերի մարտունակության վիճակի և բանակի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին: Ու այս պայմաններում ՔՊ ղեկավարը լայվով հայտարարում է, թե պայմանագրային անձնակազմը կարող է մինչև 700 հազար դրամ աշխատավարձ ստանալ»,- գրել է Աբրահամյանը։
Պատգամավորը պնդում է՝ ամբողջ ծանրությունն ընկած է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի վրա, որոնցից շատերի աշխատավարձը 200 հազար դրամի սահմաններում է:
Հիշեցնենք՝ 2022թ․ նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Առաջարկվում էր զինված ուժերում ներդնել ատեստավորման համակարգ, ըստ որի՝ պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներն ատեստավորման արդյունքում հավելավճար են ստանալու։ Ատեստավորված և հավելավճար ստացող զինծառայողները կարող են ատեստավորվել 3 տարին մեկ անգամ։
Sputnik Արմենիա
