ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայկական քաղաքական կյանքի տարբեր ասպեկտներ և գնահատական տվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Հայաստանը քրիստոնյա երկիր է, բայց ղեկավարները՝ ոչ քրիստոնյաներ։ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը եկեղեցականների նկատմամբ, որոնք համաձայն չեն իր հետ, բացարձակապես ոչ պատշաճ է։ Այդ դիրքորոշումը ինձ բացարձակապես հայելային կերպով հիշեցնում է Ուկրաինայում տիրող իրավիճակը, որտեղ նույնպես հոգևորականները ենթարկվում են հալածանքների, ճնշումների։ Ուզում եմ ասել՝ մի՞թե դա ձեր արժեքների համատեքստում է, որոնք դուք փորձում եք պատճենել, չգիտեմ, թե որտեղից՝ ԱՄՆ-ից, թե Եվրոպայից կամ այլ տեղից։ Մի՞թե թույլատրելի է ձեր քաղաքական ընդդիմախոսներին, որոնք նաև հոգևորականներ են, ճաղերի հետևում թաքցնել։ Մի՞թե դա ձեզ չի հիշեցնում 37-38 թվականների հալածանքներն ու ռեպրեսիաները։ Ի վերջո, դուք այդպե՞ս եք հանդես գալիս ի պաշտպանություն մարդու իրավունքների և ազատությունների։
Դուք ինքներդ հռչակեցիք, որ ամերիկյան «Սթարբաքս» խմելու իրավունքը ձեզ համար գերակա է ավանդական արժեքներից, և դուք պատրաստ եք ամեն ինչ դավաճանել հանուն այդ իրավունքի։ Կարծում եմ, որ սա, իհարկե, բացահայտ ստոր արարք է, որին չէին համարձակվի նույնիսկ շատ օկուպանտներ՝ վերցնել և ահա այսպես բանտարկել հոգևորականներին։ Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ Հայաստանում, քրիստոնեական երկրում, նման բան կարող է լինել, և ինձ համար կրկնակի զարմանալի է մարդկանց մեծամասնության այս հնազանդ անտարբերությունը։ Այսինքն, ամեն դեպքում, ըստ երևույթին, երրորդ կարգի «Սթարբաքս» սուրճի բաժակն ավելի արժեքավոր է որոշ բնակիչների համար, քան հավատն ու եկեղեցին»,- կարծում է Միլոնովը։
Անդրադառնալով Ալիևի կողմից Սևանա լճի անվան ադրբեջանական մեկնաբանությանը, ինչպես նաև Հայաստանի մաքսային կնիքներից Արարատ լեռան պատկերի հեռացմանը, պատգամավորը փաստում է, որ այդ ամենն անհեթեթություն է, իսկ Արարատը հենց Հայաստանն է։
«Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են բարեկամանալ Փաշինյանի, այլ ոչ թե Հայաստանի հետ, և Փաշինյանը հավատարիմ ծառայում է նրանց, բայց ոչ մի կերպ չի պահպանում Հայաստանի և հայերի շահերը։ Այդ զանազան ծիծաղելի անունները չունեն ոչ մի պատմական հիմնավորում։ Ընդհանրապես ուշադրություն դարձնել պետք չէ, որովհետև դա անհեթեթություն է։ Իսկ այն, որ ըստ էության, Հայաստանի խորհրդանիշներից մեկը՝ Արարատ լեռը, վախկոտորեն հեռացվել է, որպեսզի չբարկացնի որոշ ազդեցիկ, այսպես կոչված, հարևաններին, իհարկե, խորհրդանշական է։ Այդ դեպքում փոխեք նաև կոնյակի անունը։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, մեզ համար Արարատ լեռը խորհրդանշում է Հայաստանը և աշխարհի ամենահայտնի խորհրդանիշներից մեկն է։ Հայաստանը Արարատ լեռն է»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Alpha News-ի հյուրը մեկնաբանել է նաև Ադրբեջանի միջով ղազախական ցորենի մատակարարումը Հայաստան։
«Պետք է չէ՞ ինչ-որ կերպ բացատրել, թե ինչու է տեղի ունենում ազգային դավաճանության ակտը. «Ահա ձեզ ուրիշ ուտելիք, ահա ձեզ մատակարարման այլ ուղիներ»։ Այս ամենն անբնական է։ Ռուսաստանը պատմականորեն եղել է Հայաստանի խոշորագույն գործընկերը, հարևանը և հացահատիկի շտեմարանը։ Սա հիմար, դավաճանական քայլ է։ Ես դրա համար ոչ մի հիմնավորում չեմ տեսնում։ Բայց հանուն նրա, որպեսզի թուլացնեն զգոնությունը, հանուն նրա, որ հետո արդյունքում ինչ-որ կոլապս տեղի ունենա, այո՛, հիմա կցուցադրեն, որ «Թրամփի պլանն» աշխատում է»,- նշել է Միլոնովը:
