Логотип

ՀՀ պաշտպանության նախարարությանն այս տարի լրացուցիչ կտրամադրվի 4,3 մլրդ դրամ

ՀՀ պաշտպանության նախարարությանն այս տարի լրացուցիչ կտրամադրվի 4 մլրդ 370.6 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կապիտալ ծախսերի գծով այս տարի ստանձնած պայմանագրային մի շարք պարտավորությունների կատարման համար (այս տեղեկատվությունը նախագծում ներկայացված է որպես հույժ գաղտնի) ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջոցներից նախարարության կողմից իրականացվող 1169 ծրագրի 31001 միջոցառմանն ուղղել 4 370 636 000 դրամ լրացուցիչ գումար։

«Միջոցներն ուղղվելու են տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությանը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման համար»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

ՊՆ–ից վստահեցնում են, որ նախագծի ընդունումը ՀՀ 2025 թ. պետական բյուջեի տարեկան եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի հանգեցնում:

Sputnik Արմենիա