Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի արդիականացման գործընթացը կշարունակվի։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ալիևն այդ հարցը քննարկել է նոյեմբերի 6-ին Բաքվում ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Օրակարգում են եղել նաև Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի համագործակցության հեռանկարները։
Ադրբեջանի ՊՆ–ի տվյալներով՝ նոյեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի շուրջ 40 ներկայացուցիչներ «Ցամաքային զորքերի շտաբների, զորամասերի և ստորաբաժանումների մարտունակության գնահատում» խորագրով դասընթաց են անցկացրել Ադրբեջանում։
Ադրբեջանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Ռազմական կրթության ընդլայնում» ծրագրի շրջանակում 2008 թվականից։ Բաքուն մասնակցում է ՆԱՏՕ-ի նախաձեռնություններին, այդ թվում՝ պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, ահաբեկչության դեմ պայքարին և գիտական նախագծերին։
Sputnik Արմենիա
