Логотип

ՔԿ ղեկավարը պետք է պատասխան տա. Բագրատ սրբազանը հերքեց Արթուր Պողոսյանի հայտարարությունը

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը պետք է պատասխան տա իր ասածի համար։ Այսօր դատարանում այս հայտարարությունն արեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` անդրադառնալով ՔԿ ղեկավարի երեկվա հայտարարությանը։

Նոյեմբերի 5-ին Արթուր Պողոսյանը Ազգային ժողովում ասաց` գրավոր ապացույցներ կան, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող անձինք իրենք իրենց արարքը որակել են ահաբեկչություն։

«Հիմա ես պաշտոնապես ասում եմ՝ եթե իմ ձեռքով կամ այստեղ ներկա գտնվողներից որևէ մեկի ձեռքով գրված նման արտահայտություն կա արձանագրված որևէ տեղ, ես պատրաստ եմ այս դատարանի առջև առանց հետաձգելու, առանց քննության, առանց որևէ ապացույցի ծայրագույն պատիժը կրել։ Սա ասում եմ որպես մարդ, որն իր ասելիքի պատասխանատվության գիտակցությունն ունի»,– ասաց Բագրատ սրբազանը։

Նա հավելեց` եթե ՔԿ ղեկավարը չկարողանա ապացուցել, ապա պետք է պաշտոնազրկվի, ավելին` զրպարտության համար դատապարտվի։

«Եթե մարդը, որ ուղղակիորեն առնչված է նաև այս գործի հետ, նման հայտարարություն է արել՝ իմ ձեռքով գրված ահաբեկչության պլանավորում, սա ես չեմ կարծում, որ թեթև հայտարարություն է` մանավանդ հաշվի առնելով, թե ով է արել այդ հայտարարությունը։ Ես պատրաստ եմ կրելու ծայրագույնը, բայց եթե չկա նման բան, ինքը պետք է պաշտոնազրկվի, իր կոչումից զրկվի և միևնույն ժամանակ զրպարտության համար դատապարտվի պահանջված օրենսգրքի սահմաններում»,– շարունակեց կա։

Բագրատ սրբազանը հայտարարեց, որ եթե այս հարցը հաջորդ նիստին չպարզաբանի, ապա ինքն այլևս դատարան չի ներկայանա։

«Եթե հաջորդ նիստին այդ հարցը չքննվեց, ես պատրաստ չեմ այլևս այս դատարան գալու։ Ինչ միջոցով ուզում եք, բերման ենթարկեք։ Ես նաև կոչ կանեմ իմ փաստաբաններին, պաշտպաններին` ոչ միայն իմ, այլ բոլորին, որ ընդհանրապես մերժեն մեզ պաշտպանել, որովհետև սա հանցանքի մասին լրջագույն հայտարարություն է: Այլևս չի կարելի հանդուրժել սա, նա պետք է պատասխան տա դրա համար։ Մեր երկրում անպատասխանատու հայտարարություն անող մարդ պետք է չլինի»,–ընդգծեց Բագրատ սրբազանը։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 13-ին` ժամը 14։00–ին։

Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Sputnik Արմենիա