Դատարանը ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի համար խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։ Այս մասին գրում են հայկական լրատվամիջոցները։
Հարությունյանը տնային կալանքի տակ կմնա 2 ամիս։
Հիշեցնենք` Վարդան Հարությունյանը կալանքի տակ է օգոստոսի 8-ից, նրա կալանքի ժամկետը վերջին անգամ մեկ ամսով երկարացվել էր հոկտեմբերին։
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Նրան ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։ Նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ փաստաբաններ նշում են, որ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։
Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։ Դեռ նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել:
Sputnik Արմենիա
