Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, «Արդարություն, իրավունք և ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Հուդրաթ Հասանգուլիևը «Teleqraf» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պետք է լուրջ բանակցություններ վարի Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ՝ չկապելով ազգային շահերը Հայաստանի ներքին քաղաքականության հետ։
Նա նշել է, որ եթե Երևանը «միջանցքի» բացման վերաբերյալ օպերատիվ որոշումներ չկայացնի, Ադրբեջանը կարող է դիմել ուժային տարբերակին՝ տարածքը «մաքրելու» համար՝ նկատի ունենալով Սյունիքի մարզը, և այնուհետև այն միջազգային վերահսկողության (Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի) հանձնելու համար՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի շրջանակում։
Հասանգուլիևը նաև նշել է, որ Հայաստանը ձգտում է հարևանների հետ տրանսպորտային կապեր հաստատել իր համար ձեռնտու պայմաններով, սակայն, չնայած Նախիջևան տանող երթուղու քննարկումներին, դեռևս կոնկրետ գործողություններ չի ձեռնարկում։
«Վաշինգտոնյան հռչակագիրը ստորագրելուց հետո հույսեր կային ճանապարհի շինարարության շուտափույթ մեկնարկի հետ կապված, բայց այժմ պարզ է դառնում, որ հայկական կողմը պարզապես հանդարտվել է»,- հավելել է նա։
Բացի այդ, պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է Հայաստանին առաջարկել ստորագրել խաղաղության հուշագիր, եթե վերջինս անհապաղ սկսի Նախիջևան տանող ճանապարհի կառուցումը և ապագայում համաձայնի իր սահմանադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ։
Alpha News
