ՀՀ նախկին իշխանության թողած ՀՕՊ համակարգը մետալալոմ էր, իսկ դաշնակիցներն անտեսում էին դրանք նորացնելու հայցերը։ Այս մասին սոցցանցերում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը։
Նոյեմբերի 7–ին «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում ՀՀ երրորդ նախագահն ասել էր, թե չի հասկանում` ինչպե՞ս էր հնարավոր պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։
«Ի՞նչ կա չհասկանալու․ ձեր թողած ՀՕՊ համակարգը, ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ ՀՕՊ համակարգը մետալալոմ էր։ Բառիս բուն իմաստով մետալալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ երեք մատի կոմբինացիա էին ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան (ձեզ էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան առկա կլիներ)»,–գրել է Փաշինյանը։
Նա մեղադրել է ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանությանը, նրա օրոք նշանակված զինվորականներին, ՀՀ դաշնակիցներին, այլև ոչ դաշնակիցներին` նշելով, որ վերջիններն էլ մատնացույց էին անում երկու հանգամանք`
1․ ՀՀ ՀԱՊԿ անդամ լինելը։
2․ Այն, որ տրամադրվող միջոցները կարող էին տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքներում։
Այս պայմաններում, Փաշինյանի խոսքով, իր ղեկավարած իշխանությունն արել է այն ամենն ինչ հնարավոր է եղել։
Այս գրառման վերջում ևս Փաշինյանը բանավեճի է հրավիրել ՀՀ 3 նախագահներին։
Sputnik Արմենիա
