Логотип

Իրանի ազգային արժույթի թղթադրամներից կհանեն 4 զրոները

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը ազգային արժույթի թղթադրամներից չորս զրոները հանելու որոշումը չի համարել Իրանի սահմանադրությանը հակասող։ Այս մասին հայտարարել է խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը ստուգում է Սահմանադրությանն ու իսլամական նորմերին համապատասխանության վերաբերյալ նախաձեռնությունները: Որպես կանոն, սա օրինագծերի հաստատման վերջնական փուլն է։

«Օրինագիծ… ազգային արժույթի թղթադրամներից չորս զրոները հանելու մասին: Խորհրդարանում ուղղումներ մտցնելուց և Պահապանների խորհրդում կրկին քննարկելուց հետո այն չի ճանաչվել շարիաթի և Սահմանադրության դրույթներին հակասող», – գրել է Թահան Նազիֆը X սոցցանցի իր էջում:

Հոկտեմբերի կեսերին IRIB գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի Վերահսկիչ հանձնաժողովը հավանություն է տվել դենոմինացիայի շրջանակներում ազգային արժույթի թղթադրամներից չորս զրոների հեռացմանը:

Իրանի խորհրդարանը հոկտեմբերի 5-ին հավանություն էր տվել համապատասխան օրինագծին:

Ռիալը կմնա որպես ազգային արժույթ։ Այսպիսով` «թումանը»՝ ոչ պաշտոնական, բայց տարածված արժույթը որպես ազգային արժույթ սահմանելու առաջարկները չեն ստացել աջակցություն։ Ռիալը բաղկացած կլինի 100 կերանից, որն ավելի փոքր միավոր է և կրում է ազգային արժույթի պատմական անվանումը, որն օգտագործվել է Իրանում 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին։

Խորհրդարանի կողմից հաստատված արժույթին աստիճանական անցումը կտևի երեք տարի, որի ընթացքում թույլատրվելու են ինչպես հին, այնպես էլ նոր թղթադրամները: Իրանի կենտրոնական բանկը պարտավոր է սկսել անցումային շրջանը օրինագծի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:

Նման տեղեկություն է հայտնվել Իրանում գնաճի բարձր մակարդակի (ավելի քան 35 տոկոս) և ռիալի սրընթաց թուլացման ֆոնին՝ սեպտեմբերի վերջին Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի սահմանափակող բանաձևերի վերականգնման ֆոնին: Այսպես, որոշ ժամանակ առաջ իրանական ռիալը դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային ցածր մակարդակի. մեկ դոլարը ոչ պաշտոնական փոխարժեքով արժեր մոտ 1,17 մլն ռիալ: Մի քանի տարի առաջ՝ մինչև 2018-ի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, դոլարի ոչ պաշտոնական արժեքը կազմում էր մոտ 50 հազար ռիալ:

Sputnik Արմենիա