Логотип

Բայրամով. 2023 թվականին ռուս խաղաղապահներին Ղարաբաղի վրա հարձակման մասին տեղեկացրել են 10-15 րոպե առաջ

2023 թվականին այժմ օկուպացված Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը հանրապետության վրա Ադրբեջանի հարձակման մասին տեղեկացվել է դրա սկսվելուց 10-15 րոպե առաջ, Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ադրբեջանցի նախարարը նշել է, որ «խաղաղապահները տեղեկացվել են վտանգի մասին և նրանց խորհուրդ է տրվել տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր կամ զորանոցներ»։

«Հիմնականում նրանք հետևել են ցուցումներին։ Խաղաղապահները հիմքեր չունեին դա չանելու համար, քանի որ երեք տարվա ընթացքում նրանք բազմիցս զգուշացվել էին հայկական անօրինական զինված կազմավորումների գործողությունների, տարածքների ականապատման, ամրությունների կառուցման, զենքի և զինամթերքի փոխադրման մասին։ Խաղաղապահները պնդում էին, որ այդ հարցերն իրենց իրավասությունների մեջ չեն մտնում, նրանց մանդատ չեն տվել, ուստի նրանք միայն ընդհանուր դիտարկում են իրականացնում»,- հայտարարել է նա։

Ըստ Բայրամովի, հայերին Արցախից արտաքսելուց հետո հարց է առաջացել այնտեղ խաղաղապահների ներկայության նպատակահարմարության մասին։

«Մենք լրջորեն չենք պնդել այս հարցում։ Մենք արդեն գիտեինք, որ նրանք որոշակի ժամկետ ունեն։ Նրանք կարծում էին, որ իրենց կարիքը նորից կառաջանա, եթե հայ բնակիչները ցանկանան վերադառնալ։ Նման ազդանշաններ էին ստացվում Մոսկվայից։ Ժամանակ անց պարզվեց, որ հայերը վերադառնալու մտադրություն չունեն, և խաղաղապահներին պարզ դարձավ, որ այստեղ մնալն իմաստ չունի։ Ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի նրանք կարողանային լքել այդ տարածքները»,- հայտարարել է նա։

Բայրամովը հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության պայմանների համաձայն, եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ տեղեկատվություն չի տրամադրում, խաղաղապահների գործունեությունը պետք է երկարաձգվի հաջորդ հինգ տարով։

«Այդ ժամկետը լրացել է 2025 թվականի մայիսի 10-ին։ Չնայած նրան, որ ռուս խաղաղապահներն արդեն Ադրբեջանում չէին, զուտ իրավական տեսանկյունից, որպեսզի հետո ոչ ոք հարցեր չունենա, մենք այս տարվա ապրիլի 30-ին պաշտոնական նոտա ուղարկեցինք ռուսական կողմին և ամբողջությամբ նկարագրեցինք իրավիճակը։ Մենք հայտարարեցինք, որ նրանց մանդատն ամբողջությամբ չեղարկվում է», – ասել է նա։

News.am