Логотип

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԻՄԱ ՉԻ ԿՐԱԿՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՆ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԱԼԻՍ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել էին մի կոստյում, որը, հաստատ, իրենց վրայով չէր, «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախի կորստին։

«Անճարության մի զգացողություն էր, որ դու տեսնում ես՝ ամեն ինչ կորցնում ես, քո հայրենիքը կորցնում ես»,- նշել է նա։

Երկրորդ նախագահի խոսքով, Ադրբեջանը հիմա չի կրակում, քանի որ ինչ ուզում են՝ Նիկոլ Փաշինյանը տալիս է. «Ես չեմ հավատում որևէ խաղաղության, որն ամրագրված չէ երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով»։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐՔԻՆ ՉԱՐՈՒԹՅԱՆ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԾԱՎԱԼ ՈՒՆԻ, ՈՐՆ ԻՐ ՄԱՐՄՆԻ ՄԵՋ ՉԻ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը ներքին չարության հսկայական ծավալ ունի, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահը։

«Իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է տալիս,- ասել է նա։

Քոչարյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա՝ Հայաստանում երբեք չի լինի ներքին համերաշխություն։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՏևՈՂԱԿԱՆՈՐԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԷՐ 9–ՐԴ ԿԵՏԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ

Ոչ մի ընդդիմադիր չէր ասում, որ նոյեմբերի 9–ի փաստաթուղթը պետք է չեղարկել. Հասկանում էինք, որ այն պրոբլեմային է, արձանագրում է պատերազմում պարտությունը, բայց բոլորը հասկանում էին, որ սա Արցախը պահելու հնարավորություն է,-  նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Այն ժամանակ պետք էր կառչել այդ փաստաթղթից և անել ամեն ինչ, որ այն կյանքի կոչվի։ Հիմա ասել՝ ամբողջությամբ դա կա, թե չկա… դուք վերցրեք այդ փաստաթղթի 9–րդ կետը, որը խոսում է անխոչընդոտ ճանապարհի մասին և համեմատեք այդ կետը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի նմանատիպ կետի հետ։ Բովանդակությամբ այն նույնն է, ուղղակի այն տարբերությամբ, որ այն ժամանակ կար Արցախ, կար Լաչինի միջանցք և այդ 9–րդ կետը մտցված էր Լաչինի հետ սիմետրիա ունենալու տեսանկյունից։ Այն ժամանակ փոխանակ կառչել այդ կետից, ապահովել ճանապարհի ֆունկցիոնալությունը, ոչ թե հանձնել որպես միջանցք։ Այն ժանմանակ միջանցքի տրամաբանությունը չկար ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում էր այդ կետի կատարումից։ Այդ հրաժարվելը բերեց նրան, որ Լաչինի իջանցքը փակվեց և այդ ամենն ավարտվեց Արցախի կորստով։ Սրանք փաստեր են։

Նույնատիպ մոտեցումը այսօր ներկայացվում է որպես դարակազմիկ որոշում։ Այդ ընթացքում ի՞նչ փոխվեց. Չկա Արցախը, չկա Լաչինի միջանցքը»,– ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԲԵՐԵՑԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Ես պատերազմի գալու զգացումն ունեի մոտ մեկ տարի մինչև պատերազմի սկսվելը, – ՀՀ երկրորդ նախագահը։

«Ինձ համար մեկ բան էր հասկանալի, որ ամեն ինչ արվում էր պատերազմ հրահրելու համար։ Առաջին հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր, որը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ, Հայաստանը հրաժարվեց բանակցել։ Ամբողջ բանակցային գործընթացում առաջին անգամ կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստռաթողւթը։ Դա ներկայացվել էր 2019–ի ամռանը։ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ասում էր՝ սկսելու ենք զրոյական կետից և թող բանակցեն Ղարաբաղի հետ։ 2019–ին ներկայացված փատաթուղթը հրաժարվել է ուղղակի բանակցել՝ ջնջելով մոտ 30 տարվա բանակցային գործընթացը։ Սա բերեց նրան, որ միջազգային հանրության և Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Հայաստանը ամբողջ այդ խպրոցեսի ձախողող կողմն է։ Ի՞նչ պետք է աներ Ադրբեջանը, պետք է սկսեր պատրաստվել պատերազմի։ Սա հիմնական ֆունդամենտալ պատճառն է։

Ես չգիտեմ՝ ինչո՞վ էր առաջնորդվում ՀՀ վարչապետը։ Իմ տպավորությամբ, օդերում էին, թվում էր, թե 2018–ի այդ հեղափոխությունից հետո համաշխարհային դեմք է դարձել և կարող է իրեն թույլ տալ նման կարգի քայլեր։ Դրանից հետո հնչեց այդ նախադասությունը՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Սրանով ինքը խաչ քաշեց որևէ սպասելիքի վրա։ Երբ չկան բանակցություններ, կողմերից մեկը, որը դժգոհ է այդ իրավիճակից, պետք է սկսի պատրաստվել պատերազմի։

Պատերազմ սկսելու համար Ադրբեջանը պետք է գնահատեր այդ պատերազմում հաղթելու իր շանսերը։ Եվ կատարվեց ևս մեկ կարևոր հանգամանք, որը դրդեց Ադրբեջանին պատերազմի։ Այն, ինչ արվում էր բանակի հետ 2018–ից սկսած, վարկաբեկման մի արշավ հրամանատարական կազմի դեմ, ասելով, որ գեներալները բոլորը թալանչի են և այլն, սա բերեց բանակի շեշտակի թուլացման։

Կար ևս մեկ հանգամանք, դա քո ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումն էր և ՀԱՊԿ–ի հետ ուղղակի կոնֆլիկտի մեջ մտնելն էր»,– ասաց նա։

Քոչարյանի խոսքով, այս երեք հանգամանքները միացան և իդեալական պայմաններ ստեղծեցին Ադրբեջանի համար որոշում կայացնելու։

«Վերջին կաթիլը եղավ Հայաստանի հյուսիսում սահմանային կոնֆլիկտը, որն ուռճացվեց, հասցվեց երկրորդ Սարդարապատի մակարդակի։ Հայաստանի հյուսիսում այդ միջադեպը բավական մեծ արձագանք ունեցավ Ադրբեջանում։ Լայնածավալ հանրահավաքներ էին, որոնք Ալիևից պահանջում էին միջոցներ ձեռնարկել և Ադրբեջանի նախագահը վտանգ զգաց իր իշխանության համար։

Բանակցային գործընթացի ձախողումը բերեց նրան, որ ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին, մեր կողքին ոչ մեկը չկանգնեց։ Բանակը թուլացած էր, պատերազմում Ադրբեջանի հաղթելու հավանականությունը շատ ավելի մեծացավ։ Քո դաշնակիցների հետ հարաբերությունները փչացրել ես, ուրեմն իրենց ուղղակի միջամտության հանավականությունը ևս փոքրացավ։ Այդպիսի քայլեր կարող է անել միայն անպատասխանատու մարդը, եթե դա չի արվել գիտակցաբար՝ պատերազմ հրահրելու համար»,– ընդգծեց երկրորդ նախագահը։

Նա հավելեց, որ սա կամ աշխարհաքաղաքական առումով տգիտության արդյունք է, կամ եթե ՀՀ ղեկավարը լիներ գործակալ, կաներ այն քայլերը, որոնք արվեցին։ «Իշխանափոխությունից հետո հայտնի կդառնա, թե իրական պատճառները որոնք էին»։

Քոչարյանը ֆանտաստիկայի ժանրից անվանեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, երբ վերջինս արդարանալու համար ասել է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունն արել է, որովհետև ինքը հայրենասեր էր. «Պատկերացրեք, թե մեր ժողովուրդն ինչ թանկ գին է վճարել այդպիսի ընկալումների համար»։

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ ԷՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ

Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախը բեռ էր Հայաստանի համար, և Արցախը հանձնելով մենք ձեռք ենք բերել մեր անկախությունը, –  նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Ուրեմն եթե մենք շարունակեինք ունենալ հիմա Արցախը, եթե չտայինք 5 հազար զոհ, 11 հազարից ավելի վիրավորներ, մենք կլինեինք խեղճուկրակ, սուվերենությունը կորցրած դժբախտ և դժգույն, մեր պատմության հետ հաշտության մեջ հիմարացած միճակում մի ժողովուրդ։ Սա է ուզում ասել նա։

Պատերազմը չէր լինի, եթե չարվեին այն սխալները, որոնք ես նշեցի։ Բանակցային գործընթացի կավարտվեր Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունմամբ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 2019–ին, առաջարկը լավն էր, ապա շատ մեծ հավանականությամբ, ամեն ինչ կավարտվեր նման կարգի փաստաթուղթ ստորագրելով»,–ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ բանակցային գործընթացի օրակարգում Նիկոլ Փաշինյանը 2018–ից հետո իր հետ հանդիպելու որևէ փորձ չի արել. «Ինչքան գիտեմ, նա հանդիպել է առաջին նախագահի հետ, որից հետո ասել է, որ որևէ նոր բան չի լսել։ Չեմ կարծում, որ ինքը ընդհանրապես ընդունակ է որևէ խորհուրդ լսելու։ Ամենից անհասկանալի կետն ինձ համար այն էր, երբ հոկտեմբերի 18-19–ին Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Ադրբեջանը համաձայն էր և Նիկոլ Փաշինյանը մերժեց՝ հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որովհետև Գլխավոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակն այլևս չունի։ Կա այդ զեկույցը։ Բայց ինքը որոշում կայացրեց շարունակել պատերազմը։
Իր բացատրությունը հետևյալն էր, որ այդպիսի որոշում եմ կայացրել, որ ինձ չասեն դավաճան։ Այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2.5 հազար լրացուցիչ զոհ և առնվազն 5-6 հազար վիրավոր։ Բա սա առաջնորդի քա՞յլ է։»,– ընդգծեց երկրորդ նախագահը։

ԵՍ ՈՒՆԵԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆԿՐԵՏ ՊԼԱՆ. ԵՐՐՈՐԴ ՕՐԸ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՆՔ

Երրորդ օրից արդեն հասկացա, որ մենք չենք հաղթելու պատերազմը, – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

«Երկրորդ օրը ես Ղարաբաղում էի և այն, ինչ տեսել եմ, ինձ բերել է մեկ-երկու օրվա ընթացքում համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։Երկու շաբաթ ես մնացել եմ Ղարաբաղում, ամեն օր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք։

Նույնիսկ ես առաջարկեցի այն ժամանակ հանդիպենք նախկին նախագահներով և ներկա նախագահով, թեկուզ Արայիկ Հարությունյանի նկատմամբ, իմ վերաբերմունքը հայտնի է։ Ինքը չպետք է հայտնվեր այնտեղ նախագահի պաշտոնում, բայց այնուամենայնիվ ես ինքս գնացի, առաջարկեցի և ես ունեի կոնկրետ պլան գործողությունների, թե ինչ է պետք անել։

Եվ պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ ունեի, և զուգահեռ իհարկե անել ամեն ինչ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։ Ինքը մերժեց, չուզեց հանդիպել և Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետևյալը։ «Եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է»։ Ուղղակի իր բառն է՝ «ինձ կուտի»։ Այն ժամանակ Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում պատերազմի ժամանակ, քան տվյալ դեպքում իմ հետ հանդիպել և քննարկելու հանգամանքը»,–ասաց նա։

Հարցին՝ ինչու իր մոտ կար այդ տպավորությունը, որ մենք պարտվում ենք, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Ես չէի տեսնում բանակ նորմալ կառավարում, ուղղակի չկար։ Որովհետև մինչև այդ այնպիսի փոփոխություններ էին կատարվել հրամանատարական կազմում, և առանցքային պաշտոններում նշանակվել էին մարդիկ, որոնց հագով չէր այս պատերազմը։ Իսկ կադրային քաղաքականությունը հետևյալն էր, ինքը չէր վստահում բանակին և ուզում էր բանակում կարևոր պաշտոններում ունենալ լոյալ մարդկանց։ Իսկ լոյալ գեներալը կամ լոյալ բարձրաստիճան սպան միշտ չէ, որ այն սպանը, որը ունի բավարար հմտություններ պատերազմում հաղթանակ ունենալու համար։ Համատարած կադրային փոփոխություններ և հիմքում միայն եղել է լոյալությունը։ Վատ էին ընդհանրապես բանակի մատակարարման հետ կապված հարցերը։

Մինչև պատերազմը հայտարարվել էր, որ օդը փակ է։ Բացարձակապես այդպես չէր։

Ամենից կարևոր հանգամանքներից մեկը այն խայտառակ մոբիլիզացիաները, որ արվեց Հայաստանում։ Լավ է՝ չանեին ընդհանրապես ոչ մի բան, քան անեին։ Մարդկանց հավաքում էին և երրորդ օրը այդ մարդիկ հայտնվում էին առաջնագծում։ Ոչ թե համալրման էին գնում ներկա զորամիավորումները, օրինակ գումարտակները, այլ նոր միավորումներ էին ստեղծում և ուղարկում ռազմաճակատ երրորդ օրը։

Դու առնվազն երկու-երեք շաբաթ պետք է մարտական ներդաշնակություն ապահովես։ Իմ հարազատները զորակոչվել են, օրինակ, շատ մոտ հարազատներից մեկը պատերազմի երկրորդ օրը, երրորդ օրը հայտնվել է առաջնագծում, մի վաշտում, որտեղ ոչ մեկը ոչ մեկին չէր ճանաչում ընդհանրապես։

Դու չես կարող անծանոթ մարդկանց հավաքել մի տեղ, ձևավորել, օրինակ, մի գումարտակ և հաջորդ օրը ուղարկել պատերազմի։ Դու ուղղակի մսաղացի մեջ ես ուղարկում այդ մարդկանց։ Առնվազն երկու շաբաթ պետք է մարտական ներդաշնակության թրեյնինգներ անես, որ մարդիկ իրար ճանաչեն, հրամանատարը հասկանա, թե ստորադաս հրամանատարները ի՞նչ կարգի հրամանատարներ են, ի՞նչ գիտելիքներ ունեն»,– հայտարարեց նա։

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆՔ ԱՄԵՆ ՄԵԿՍ ՄԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼ և ՓՈՐՁԵԼ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ

Նահանջող բանակի հրամանատարները ստանում էին հերոսի կոչումներ. Դուք մտածում եք, որ դրանով խրախուսում եք մարտունակությո՞ւնը. Իրականում խրախուսում եք պարտությունը, – նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով, «հաղթելու ենք» կարգախոսով տարածվող սուտը քաայքայում էր բանակը. «Դա ամենամեծ պատճառն էր շատ մեծ թվով դասալիքներ ունենալու։ Մարդիկ առաջնագծում տեսնում էին՝ ինչ է կատարվում, զանգում էին հարազատներին, իսկ հարազատներն ուրախ էին, որ մենք հաղթում ենք։ Երևանում այդպես էլ այդ տագնապի զգացողությունը չունեցան, նույնիսկ դիակներն էին ուշ բերում, որ այստեղ սուտը չբացահայտվի։ Առաջին ղարաբաղյան պատերազմում երբեք սուտ ինֆորմացիա չի եղել։ Եթե կորցրել ենք մի գյուղ, հայտարարել ենք, բոլորն իմացել են»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պատերազմ սկսելուց հետո երկու շաբաթ եղել է Արցախում և վերադարձել է, քանի որ տեսել է, որ այնտեղ ոչ մեկն իր կարիքը չունի. «Մեր առաջարկը եղել է այն, որ ամեն մեկը մի ուղղություն վերցնի և փորձի օգտակար լինել։ Երկու շաբաթ փորձում էինա դա անել։ Այնտեղ էր նաև Երրորդ նախագահը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը։ Անճարության մի զգացում էր, որ տեսնում ես, որ հայրենիքդ կորցնում ես, չի արվում գրեթե ոչինչ և չես կարողանում որևէ կերպ ազդեց պրոցեսի վրա։ Դրա համար թողել, եկել եմ։ Անիմաստ էնտեղ նստած էինք»,–ասաց նա։

Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի 2-րդ, 3–րդ օրը տեղահանեցին ամբողջ բնակչությունը. «Նույնիսկ խորքի գյուղերից, որտեղ դրա կարիքը չկար։ Դա խուճապի և Ղարաբաղը հանձնելու տրամադրություն էր ձևավորում։ Դա անիմաստ էր։ Սա ևս պրոբլեմ էր։ Գրեթե ոչինչ ճիշտ չեն արել»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԵԼ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՌՈՒՍՆԵՐՆ ԱՐՑԱԽԻՑ ԴՈՒՐՍ ԳԱՆ

Իմ տպավորությամբ, Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուսները հեռանան, – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նկատեց, որ Ռուսաստանը նոյեմբերի 9–ի փաստաթղթով պարզապես վկա չէր, այլ ստորագրել է փաստաթղթի տակ և պատասխանատվություն է վերցրել տեղակայել Արցախում խաղաղապահ ուժեր. «Բայց Հայաստանը, ըստ էության, միակողմանի հրաժարվեց այդ պրոցեսին մասնակից լինել։

Հայաստանը Պրահայում հայտարարել է՝ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Դրանից հետո Ռուսաստանն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ ՀՀ այդ հայտարարությամբ միջնորդական առաքելությունը զրոյացվել է։

Այդ դեպքում Ռուսաստանը պետք է Ադրբեջանին ասի՝ այո, ինձ է պետք, որ Արցախը մնա այս կարգավիճակում։ Հակամարտության լրիվ կոնֆիգուրացիան փոխվել է այդ հայտարարությամբ, որովհետև եռակողմ հայտարարությունը ստորագրված էր երեք երկրների ղեկավարների միջև, ըստ որի, Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է անորոշ, հետագա բանակցությունների առարկա պետք է լիներ։ Եվ դտյալ պարագայում Հայաստանը ասում է՝ ես չկամ էս գործում, գնացեք դուք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցը ոնց ուզում եք, քննարկեք։
Սրանով նաև ռուսական խաղաղապահների ներկայության կարգավիճակը անհասկանալի է դարձել։ Ղարաբաղի կորուստը ուղղակի հետևանք է Պրահայում ստորագրած հայտարարության։
Եթե մենք մտածում էինք, որ Ռուսաստանը ցմահ պատասխանատվություն պետք է վերցներ Ղարաբաղի համար, այդպես միջազգային հարաբերություններ չեն լինում։ Եթե Հայաստանը այդ քայլը չաներ, ես չեմ կասկածում, որ 5 տարին կերկարաձգվեր ևս 5 տարով, կլիներ քաղաքական լուծման մի առաջարկ։ Միգուցե 2019–ին մերժված առաջարկը որոշ չափով փոխվելով կդրվեր սեղանին և կփորձեին լուծում գտնել»,– նշել է երկրորդ նախագահը։

Երկրորդ նախագահի խոսքով, մեծ մտահոգություն առաջացավ Պրահայի հայտարարությունից հետո. «Դու չես կարող Ղարաբաղի հարցը գցել Ռուսաստանի գրպանը, էդպես չի աշխատում։ Իսկ երբ ճանապարհը փակեցին այսպես կոչված, էկոլոգները, ինձ համար հասկանալի էր, որ ճանապարհը փակվելու է ամբողջությամբ, և Ադրբեջանը օգտագործելու է այն հանգամանքը, որ Ուկրաինայում պատերազմ է սկսվել, Ռուսաստանը դրանով է զբաղված։ Եվ օգտվեցին։ Մենք այդ առիթը չպետք է տայինք։

Նիկոլ Փաշինյանը մտածեց՝ ռուսները խաղաղապահ զորախումբ են տեղակայել, թող իրենք գնան, ոնց ուզում են հարցը լուծեն»,– ասաց նա։

ԱՄԵՆԻՑ ԽԱՂԱՂ ՏԱՐԻՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՀԵՆՑ ԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Ինձ համար ամենամեծ շոկը եղել են 2021թ. ընտրությունների արդյունքները, երբ պարտություն ու զոհեր բերած մարդը չպետք է վերընտրվեր, – նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Ես վստահ էի, որ սա բերելու է ավելի ծանր հետևանքների, և բերեց՝ Արցախի ամբողջական կորստի, նաև ՀՀ որոշակի մասի օկուպացիայի։

Կարծում եմ՝ հանրության մոտ բավական լուրջ վերագնահատման պրոցես գնաց և հիմա մեր ժողովրդի մեծ մասն այլ կերպ է մտածում։ Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը տվել է լսելու համար հաճելի խոստումներ, ձախողել է բոլորն անխտիր։ Չի կարող մեր ժողովուրդը դա չտեսնել։

Իրենք հիմա կենտրոնացել են խաղաղության օրակարգի վրա, որովհետև ուրիշ ասելիք չկա։ Հիմա պետք է այդ թեզը ֆետիշացնեն, ասեն՝ մնացածը երկրորդական է, մենք միակ ուժն ենք, որ բերում է խաղաղություն։ Դա ասում է մի մարդ, որը բերել է ամենասարսափելի պատերազմը, որի ժամանակ ունեցել ենք ամենից շատ զոհերը։ Հիմա փորձում է այդ մարդը դառնալ խաղաղություն բերող մարդ։ ՀՀ–ում ամենից խաղաղ տարիները եղել են իմ նախագահության տարիները»,–ասաց նա։

Անդրադառնալով Արցախի խնդրին, երկրորդ նախագահն ասաց, որ պետք է իրատես լինել, ինչը նշանակում է, որ հիմա պետք է աշխատել միջազգային կառույցներում արցախցիների վերադարձի իրավունքը արձանագրելու ուղղությամբ։

«Եթե մենք մնում ենք այն իրավիճակում, որն այսօր կա ՀՀ–ում, իհարկե, որևէ հույս, որ որևէ ատյանում որևէ հաջողության կարող ենք հասնել, չպետք է ունենանք։ Հայաստանը պետք է փոխվի։ Մենք որևէ հաջողություն չենք կարող ունենալ, եթե որդեգրել ենք այս քաղաքականությունը»,– ընդգծեց նա։

Քոչարյանը նկատեց, որ արցախցիների վերադարձի հարցը որևէ առնչություն չունի Բաքվի կողմից առաջ քաշվող ադբեջանցիների Հայաստան վերադարձի հետ. «Դա կապ ունի Ադրբեջանում ապրող հայերի վերադարձի հարցի հետ, իսկ Արցախի հարցը լրիվ այլ թեմա է։ Արցախը Խորհրդային տարիներին անգամ ունեցել է որոշակի կարգավիճակ։ Նման համեմատությունը կոռեկտ չէ»։

ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՄԱՐՏՈՒՆԱԿ ԲԱՆԱԿ, ԴՈՒ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՍ ՈՉ ԹԵ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, ԱՅԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԵՖԵՐ

Ի՞նչ պետք է անել, որ մեզ լուրջ վերաբերվեն և մեր խոսքը կշիռ ունենա։ Առաջին հերթին պետք է լրջորեն զբաղվել բանակով, ամրացնել Հայաստանի անվտանգությունը, – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

«Մարտունակ բանակը հենց նրա համար է, որ պատերազմ չլինի։ Մարտունակ բանակը նաև նրա համար է, որ ունենաս աշխարհաքաղաքական գործընկերներ։ Եթե չունես մարտունակ բանակ, դու գործընկերներ չես ունենալու, ունենալու ես աշխարհաքաղաքական շեֆեր։ Եթե դու թույլ ես, շեֆ ունենալով դառնում ես անվտանգության սպառող, ինչը նշանակում է, որ դու գին ես տալիս։ Տեսեք, թե Ուկրաինան ինչ գին է տալիս։

ՀՀ իշխանություններն այս հարցով չեն զբաղվում, ասում են՝ սա է մեր սահմանները, դրանից դուրս մեզ ոչինչ չի հետաքրքրում։ Հենց դու քեզ սահմանափակում ես այդ մտածելակերպով, դու արդեն պրոբլեմ ունես, դու դառնում ես մի երկիր, որը տարածաշրջանային որևէ դերակատարություն չի կարող ունենալ։ Քո փոխարեն որոշելու են, թե այս միջանցքը ոնց է գնալուայն հարցը ոնց է լուծվելու։ Դու դառնալու ես տեղդ հանգիստ նստած մարդ, ոչ մեկը քո հետ հաշվի չի նստելու ընդհանրապես»,– ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ ԼԻՆԵԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԱՄՆ-Ն ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ

Մեր ներուժը միայն մեր 3 մլն ժողովուրդը չի, այլև մեր սփյուռքը, որը զրոյացնում են, – նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր ներուժը նաև մեր եկեղեցին է, որովհետև ցանցային բնույթ ունի և ներկա է տարբեր երկրներում։ Սփյուռքի հետ բոլոր կապերը կտրում ենք, թշնամանում ենք, եկեղեցին մասնատում ենք։ Նիկոլ Փաշինյանն ունի ներքին չարության մի հսկայական ծավալ և իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում, անընդհատ դուրս է գալիս։ Ինքը ամեն տեղ պետք է ստեղծի կոնֆլիկտ, որով կարծես թե սնվում է, էներգիա է ստանում։ Եթե դու կոնֆլիկտածին ես ու ունես գրեթե անսահմանափակ իշխանություն, այդ կոնֆլիկտը ինչ–որ տեղ սկսում ես կիրառել՝ հները նորերին, Արարատը՝ Արագածին, Հովհաննավանքը Էջմիածնին, կաթողիկոսին՝ կարգալուծ արած քահանային, ԱՄՆ–ին՝ Ռուսաստանին։ Դու անընդհատ կոնֆլիկտ ես ուզում ստեղծել, որովհետև դրանով սնվում ես։ Իմ տպավորությունը սա է»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իր օրոք ներքին համերաշխություն չի լինելու։

Անդրադառնալով 2026–ի ընտրություններին, երկրորդ նախագահն ասաց. «Բացի այն, որ մենք պետք է մեր անվտանգությունն ամրապնդենք, պետք է նաև երկրի կայունությունն ու համերաշխությունը ապահովենք։ Այս ընտրությունների կարևորությունը նաև սրանում է՝ մենք ընտրելու ենք մի իշխանություն, որը փորձելու է ներսում համերաշխություն բերի, թե՞ ունենալու ենք սրա շարունակությունը։ Չաւոթյամբ լցված իշխանությունը չպետք է իշխանություն լինի ՀՀ–ում»։

Խոսելով խաղաղության թեմայից, նա ասաց. «Դուք հավատո՞ւմ եք այս խաղաղությանը։ Չեն կրակում, որովհետև ինչ ուզում է՝ առանց կրակելու տալիս ես։ Ես չեմ հավատում որևէ խաղաղության, որն ամրագրված չի երաշխիքային ինչ–որ մեխանիզմներով։ Այս խաղաղությունն ամբողջությամբ կախված է մեկ մարդու կամքից. Կուզի այդ խաղաղությունը կլինի, կուզի՝ չի լինի։ Դա Ալիևն է։ Սա խաղաղություն չի։ Մեր տեսակետն է, որ խաղաղությունը պետք է ունենա երաշխիքներ։ Դա ՄԱԿ–ի ԱԽ–ի որոշումն է, երաշխիքային ինչ–որ մի համակարգ է։ Տվյալ դեպքում հնարավորությունները շատ են։ Ես ի՞նչ կանեի համալրելու համար այս պայմանագիրը, որը ստորագվել է Վաշինգտոնում։ Կառաջարկեի ևս մեկ համաձայնագիր նախաստորագրվածի հետ զուգահեռ, որը կլիներ եղած համաձայնագրի երաշխիքային համակարգի ձևավորման մասին։ Լավագույն տարբերակը կլիներ, եթե Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի երաշխավորները լինեին Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը։ Առաջարկում եմ առկա փաստաղթից բացի ստորագրել ևս մեկը, որը կունենա երաշխիքային համակարգ, քանի որ այս մեկը չունի նման համակարգ։

Միշտ հնարավոր է քննարկել ու այնպիսի առաջարկներ տալ, որոնք ոչ թե ժխտում են այն, ինչ արված է, այլ համալրում ու լրացնում են։ Դու կոպլեմենտար տարբերակ ես առաջարկում, մենք սա 10 տարի արել ենք ու լավ հարաբերություններ ենք ունեցել ՌԴ, ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ։

Երբ հարցնում էին, թե ո՞նց եք անում, որ սաղի հետ լավ եք։ Ես ասում էի՝ ամեն մեկը մի ցավոտ «մազոլ» ունի, չենք տրորում դրանք։ Փորձում ենք մեր հարաբերությունները կառուցել այն դաշտում, որտեղ այս երկրներն ունեն ընդհանուր շահեր»,- ընդգծեց երկրորդ նախագահը։

News.am-ի նյութերով