Շիրակի թեմի ազատազրկված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը շարունակում է ներկայացնել դատավորի կատարած սխալներն ու խախտումները։
Նա, մասնավորապես, նշել է. «Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի ֆանտաստիկ «գիտական» մտքերից.
Օրենքի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տվյալները չեն կարող որպես ապացույց օգտագործվել, եթե առկա է դրանք փոխարինած լինելու կամ դրանց հատկանիշները փոփոխած լինելու ողջամիտ կասկած։
Ամբողջ դատաքննության ընթացքում պնդում էինք, որ Միքայել Սրբազանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված համակարգիչը տեսագրության ներքո չեն փաթեթավորել ու կնիքել, որ այն մոտ կես ժամ տեսախցիկի տեսադաշտից դուրս է գտնվել կողքի սենյակում և որ այդ ընթացքում ինչ-որ մեկը կարող էր փոփոխել այն կամ դրանում ինչ-որ ֆայլ ներբեռնել, նշում էինք, որ համակարգչի զննությունն առանց առանց Միքայել Սրբազանի ու նրա ներկայացուցիչների, ինչպես նաև առանց ընթերակաների մասնակցության կատարելու ընթացքում այդ օրագրում ինչ ուզենային կավելացնեին, իսկ (Չ)դատավորը դատավճռում նշել է, որ պետք է առաջնորդվել պետական մարմինների բարեխղճության կանխավարկածով, քանզի հակառակ մոտեցման պարագայում չեն բացառվի նաև ենթադրություններն առ այն, որ ընդհուպ տեսաձայնագրման պարագայում ևս փաթեթավորված և կնքիված առարկաների կնիքները կարող են հետագայում բացվել և կրկին կնիքվել։
Այսինքն, (Չ)դատավորը ևս չի բացառել պետական մարմինների կողմից այդ փաթեթները բացելու և նորից կնիքելու հնարավորությունը, որի ընթացքում կարող էին փոփոխություններ կատարվել։
Բացի այդ էլ, եթե (Չ)դատավորի այս ձևակերպումը ճիշտ է, ապա նման պայմաններում ընդհանրապես իմաստ չկա որևէ առգրավված իր և առարկա փաթեթավորել կամ կնիքել, քանզի պետք է առաջնորդվել պետական մարմինների բարեխղճության կանխավարկածով, որ եթե ասում են, որ կոնկրետ այդ առարկան են հայտնաբերել, ուրեմն՝ կոնկրետ դա են հայտնաբերել, եթե ասում են, որ դրանում որևէ փոփոխություն չեն արել, ուրեմն՝ չեն արել։
Ցավոք սրտի, ըստ (Չ)դատավորի՝ ստացվում է մի ամբողջ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ կազմող հանձնաժողով, մի ամբողջ Ազգային ժողով այս ամենը չեն հասկացել և ավելնորդ տեղը ծանրաբեռնել են պետական մարմիններին՝ օրենսդրական նորմերով պահանջելով, որ խուզարկությունը կատարեն տեսագրության տեսադաշտում, հայտնաբերված և առգրավված իրերն անմիջապես փաթեթավորեն և կնիքեն այնպես, որ բացառվի դրանց փոփոխելու հնարավորությունը։
News.am
