Логотип

ՉՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ՉԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս խափանել 2026-ի ընտրությունների մասին Փաշինյանի խաղաղություն, թե պատերազմ կեղծիքը. Մեկ ճանապարհով՝ ձևակերպել ընտրությունների մասին սեփական բովանդակությունը։

1. Չպատերազմ-ի կառավարում

Իշխանափոխության դեպքում պատերազմի հավանականությունը զրոյական է։ Ընդդիմադիր հատվածից ով էլ գա, գնալու է շատ հանգիստ բանակցի բոլոր հարցերի շուրջ՝ Թրիփի շուրջ էլ, մյուս բոլոր հարցերի էլ։ Փորձելու է գտնել առավելագույն լավ լուծումները։ Խելագար չկա, որ գնա պատերազմի։

Դրա փոխարեն՝ մեծ է հավանականությունը, որ նոր ուժերով և նոր ձևակերպումներով, ավելի լայն հանրային կոնսոլիդացիայով հնարավոր կլինի մեզ համար ավելի շահավետ պայմաններով բանակցել։

Այնուամենայնիվ, հակաիշխանական ճամբարին առայժմ չի հաջողվում այս ամենի մասին ճիշտ շեշտադրումներով խոսել և հանրությանը վստահություն ներշնչել։

Իրականությունն այն է, որ այսօր մենք ունենք ոչ թե խաղաղություն, այլ՝ Չպատերազմ, և 2026-ի ընտրությունների կարևորագույն բովանդակությունը Չպատերազմ վիճակի հետագա կառավարումն է։

Նոր սոլիդ իշխանության ձևավորման պարագայում մենք ԽԱՂԱՂ ճանապարհով գնալու ենք մեր ինքնության և մեր շահերի պաշտպանությանը՝ գտնելով տարածաշրջանում համակեցության բալանսը, որը ենթադրելու է և´ ապաշրջափակում, և´ շփումներ, և´ ցավոտ հարցերի աստիճանական լուծում։

2. Ներհայաստանյան ընտրություններ

2026-ի ընտրությունները մեր մասին են. դրանք ներհայաստանյան ընտրություններ են՝ ներհայաստանյան կյանքի մասին։

Ուզում ենք ապրել մարդավայել մթնոլորտո՞ւմ, թե՞ անասնական պայմաններում՝ գաղտնալսումների, պառակտման, հայհոյանքի, վիրավորանքների, չդադարող քրեական գործերի ու կալանքների։

Ուզում ենք երկիրն այս ագոնիկ վիճակո՞վ պահել, թե՞ կայուն վիճակ ստեղծել և կյանքի պլանավորման հորիզոնը գոնե մի քանի տարի դարձնել։

Ուզում ենք, որ պետությունը մնա մեկ հոգու խաղալի՞ք, թե՞ ուզում ենք նորմալ աշխատող պետական ինստիտուտներ, հակակշիռներով ու զսպումներով կառավարվող պետություն։

Ուզում ենք եկեղեցին լինի ներքին խաղաղության ու հոգևոր ուրախության կենտրո՞ն, թե՞ կեղտոտ հարձակումների ու այլանդակ արշավների թիրախ։

Ուզում ենք հանդարտ աշխատանքի, մասնագիտական աճի, ակտիվ գործարարության ու բարեկեցիկ կյանքի առողջ միջավա՞յր, թե՞ 02-ի անվերջ թողարկում հիշեցնող կյանք։

Յոթ տարի է՝ ապրում ենք երկրի թիվ 1 աշխատասենյակից անդադար թափվող քաոսի, ագրեսիայի, ստի ու կեղծիքի պայմաններում։ Ուզո՞ւմ ենք վերջ տալ այս մթնոլորտին, և երկրում ու երկրի բոլոր աշխատասենյակներում ապահովել աշխատանքային խաղաղ մթնոլորտ։

Ժամանակն է, որ որոշում կայացնենք, որ ներհայաստանյան մթնոլորտը, կյանքը փոխում ենք։ 2026 թվականի ընտրությունները դրա մասին են։ Խաղաղությունն ընտրությունների հետ որևէ կապ չունի. դա քարոզչական էժան հնարք է։

Սա պետք է հասցնել ժողովրդին, բոլոր ընտրազանգվածներին։

Եթե այս երկու կետի շուրջ կա ընկալում, համաձայնություն, ապա դա ապահովում է իրական հասարակական շատ լայն համախմբում՝ անկախ որևէ կուսակցական ցուցակից կամ այլ ֆորմալ իրավիճակից։

Ամենաթարմ սոցհարցումը

Երեկվա ամենաթարմ նախընտրական «սոցհարցումը» եղել է Հովհաննավանքի «պատարագը», որին գրեթե ոչ ոք ներկա չէր։ Եթե հանում ես վարչական ռեսուրսը, և պարտադրանքը, ապա տակը պրակտիկորեն հանրություն չի մնում։ Հովհաննավանքի խոսուն դատարկությունն այս կիրակի ցույց է տալիս 2026-ի ընտրությունների իրական սոցիոլոգիան։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Այլընտրանքային նախագծեր խումբ