Логотип

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ԲԱՌԻՍ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ԵՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է

«44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով դատական նիստերից մի ուշագրավ հանգամանք էլ է պարզ դառնում, ինչի մասին թեև խոսվել է, սակայն դրա փաստական արձանագրումները նիստերից են նկատելի:

Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են` մի գումարտակ հարավ են ուղարկել, մյուս գումարտակը` հյուսիս, բրիգադի ՀՕՊ-ը` կենտրոնական ուղղություն, հակատանկային մարտկոցը` լրիվ այլ: Ու այդպես շարունակ:

Բրիգադը` որպես զորային կարևոր օղակ, իր մարտունակությունն ապահովում է կառուցվածքին հատուկ ստորաբաժանումների ձևավորման և առկայության պայմաններում` ՀՕՊ խնդիրների ապահովումից մինչև հետախուզություն:

Երբ դրա տարբեր օղակներ չեն գործում, այլընտրանքով էլ չեն ապահովում, բրիգադի խնդիրը կատարելու հնարավորությունը կտրուկ նվազում է:

44-օրյա ողջ ընթացքում, ոչ միայն ռեզերվայինի կարգավիճակ ունեցող զորամիավորումներն իրենց ողջ կազմով մարտի մեջ մտնելու հնարավորություն չեն ունեցել, դրա առանձին զորամասեր էլ, տարբեր որոշումներով, մասնատվել են և ցրվել են ճակատի տարբեր ուղղություններով:

Մի պատերազմի ընթացքում 3-4 պատերազմ պարտվելու տապալումներ են եղել, որի գլխավոր պատասխանատուն (ները) ոչ միայն ազատության մեջ են, դեռ մի բան էլ հոխորտում են, տարօրինակ ինքնավստահություն դրսևորում»:

Aysor.am