ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ է հարուցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` նշելով, որ ավարտվել է իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ի լուսաբացին հակառակորդը, օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից, Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է ՀՀ պետական սահմանը՝ շուրջ 3-3.5կմ խորությամբ՝ հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ»,– ասված է հայտարարությունում։
Քննչական կոմիտեն նշել է, որ Արշակ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ անհիմն բանավոր հրաման է տվել։
«Մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը»,– նշում է ՔԿ–ն։
Արշակ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք):
Հիշեցնենք, որ գեներալ–մայոր Արշակ Կարապետյանը 2021 թվականի հուլիսի 20֊ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին` պաշտպանության նախարար։ Պաշտոնանկ արվեց 2021 թվականի նոյեմբերի 15-ին։
Sputnik Արմենիա
