Логотип

ՌԴ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ վստահությունը ՀՀ-ում աճել է. հարցում

Վերջին մի քանի ամսվա տվյալներով՝ Հայաստանում աճել է վտահությունը Ռուսաստանի Դաշնության` որպես ՀՀ դաշնակցային գործընկերոջ հանդեպ։ Այսօր լրագրողների հետ զրույցում սոցիոլոգիական հարցումների արդյունքները ներկայացրեց «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը։

«Այս պահին շուրջ 37,8 %-ը նշել է, որ կցանկանա, որ ռազմադաշնակցային հարաբերություններ լինեն Ռուսաստանի հետ։ Նախորդ հարցումների համեմատությամբ աճ կա նաև ԱՄՆ–ի հետ գործակցության վստահության առումով։ Եթե նախորդ հետազոտության մեջ շուրջ 13 %–ն էր ասում, որ ԱՄՆ–ի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություններ ձևավորել, այս հետազոտությամբ` շուրջ 18,3 %-ը»,– մանրամասնեց նա։

Արմեն Խաչիկյանի խոսքով` զգալիորեն անկում է ապրել ԵՄ–ի հետ ռազմադաշնակցային հարաբերությունների վստահությունը։

«Մեր նախորդ՝ հուլիսին կատարված հետազոտության տվյալներով` 22 %–ն էր կարծում, որ ԵՄ–ի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություն ունենալ, իսկ այս հետազոտության տվյալով 16 %–ն է հավատում ԵՄ–ին»,– ավելացրեց Խաչիկյանը։

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրենն արձանագրեց, որ մի քանի ամսում Ռուսաստանին և ԱՄՆ–ին աջակցողները որոշակիորեն շատացել են, իսկ ԵՄ, Իրան, Հնդկաստան և այլ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցողները զգալիորեն իջել են։

Sputnik Արմենիա