Логотип

ՀՀ-ում հարցվածների 70%-ը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն և երկարատև խաղաղությանը

Հայաստանում անցկացված հարցախույզի մասնակիցների մեծ մասը չի հավատում, որ Ադրբեջանի հետ հնարավոր է կայուն խաղաղություն հաստատել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը` ներկայացնելով սոցիոլոգիական հարցումների արդյունքները։

««Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով հնարավո՞ր է կայուն, երկարատև խաղաղության հասնել» հարցը մշտապես տալիս ենք։ Հոկտեմբերի տվյալով` 30%-ը նշել է, որ հնարավոր է, բայց շուրջ 70%-ն ասել է, որ հնարավոր չէ կայուն, երկարատև խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ»,– ասաց նա։

Խաչիկյանի խոսքով` հարցման պատկերը չի փոխվել անգամ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո։

«Որոշակի տատանում կա, բայց մշտապես 65-70 տոկոսը չի հավատում բանակցությունների միջոցով կայուն խաղաղությանը։ Ինձ համար բավականին զարմանալի փաստ է, որ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված խաղաղության պայմանագրից հետո շուրջ 65%-ը չի հավատում խաղաղության հաստատմանը, ընդամենը 33.7 տոկոսն է հավատացել, որ Թրամփի միջնորդությամբ համաձայնագիրը կբերի իրական խաղաղություն»,– ասաց սոցիոլոգը։

Ըստ հարցման արդյունքների` քաղաքացիները կողմ չեն ՀՀ զինված ուժերի թվակազմի կրճատմանը։

«Շատերն ասում են` խաղաղության պայմանագրի և խաղաղության հաստատման դեպքում Ադրբեջանի պահանջով մենք կարող ենք որոշակիորեն կրճատել բանակի թվակազմը, ռազմական տեխնիկան։ Այս հարցը մենք տվել ենք, արդյունքում շուրջ 80%-ը չի ցանկանում որևէ կերպ որևէ թվաքանակ կրճատել՝ ընդհուպ մինչև իրական խաղաղության հասնելու պարագայում»,– մանրամասնեց Խաչիկյանը։

Նա ընդգծեց` խաղաղությանն ամենաքիչը հավատում են երիտասարդները։

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 5–25–ը, մասնակցել է 1123 մարդ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Sputnik Արմենիա