Логотип

Փաշինյանը բացատրեց՝ ինչու է որոշել բանակցային փաթեթը հրապարակել տարեվերջին

Բանակցային փաթեթը կհրապարակվի տարեվերջին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե կլուծարվի, և հրապարակման արգելք չի լինի։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընտրություններին ընդառաջ չէ։ Նախկինում ասել եմ՝ փաթեթի տերը միայն մենք չենք։ Ենթադրվում է, որ մինչև տարվա վերջ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե կլուծարվի, և բարոյական ու քաղաքական արգելքը կվերանա, այսինքն՝ էդ սուբյեկտը չի լինի, ու մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց` իր հանձնարարությամբ հիմա տեղի է ունենում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակի գաղտնազերծման գործընթաց. խոսքն այլ երկրի ղեկավարին ուղղված նամակի մասին է։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոտկաստի ժամանակ Սերժ Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ 44–օրյա պատերազմը կարող էր չլինել, եթե իշխանությունը չխուսափեր կամ ընդհանրապես չհրաժարվեր բանակցային գործընթացից։ Փաշինյանն արձագանքել էր` խոստանալով մինչև տարեվերջ հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի բանակցային պատմության առանցքային փաստաթղթերը` դրանցում ներառելով նաև Սերժ Սարգսյանի գրած մի նամակ։

Նա նաև հայտարարել էր, որ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019թ) դասավորել է, հիմա սքանավորվում են, կհրապարակվեն տարեվերջին։

Sputnik Արմենիա