Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Արծվաշենին։ Միևնույն ժամանակ չհստակեցրեց, թե ինչ ճանապարհով է հստակ լինելու հանրության տեսակետը։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին սոցցանցերում գրել էր, որ Ադրբեջանի հետ սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների հարցը չի կարող հանվել օրակարգից, քանի դեռ որոշված չէ Արծվաշենի ճակատագիրը:
«Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց ՀՀ ժողովրդի կամքի արտահայտման։ Եթե խոսքն ուղիղ հանրաքվեի մասին չլինի էլ, առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա պարզապես չի կարող տեղի ունենալ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վերահաստատեց նախկինում արված հայտարարությունները, որ Ադրբեջանի հետ տարածքային հարցերը լուծվելու են բացառապես սահմանազատման և սահմանագծման ճանապարհով։
«Մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք և ուժային որևէ սցենար բացառում ենք»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման արդյունքում պետք է վերագծվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, քանի որ միայն դա վերականգնելուց հետո հնարավոր կլինի քննարկել «կոնկրետ կոմբինացիաներն ու վարիացիաները»։
Sputnik Արմենիա
