Логотип

Հարցման արդյունքները չեն հուսադրում

Մեր տեղեկություններով, ՔՊ-ն Վաղարշապատում ներքին հարցում է անցկացրել նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ և, մեղմ ասած, ոգևորիչ արդյունքներ չի գրանցել։

Չնայած, ըստ իշխանական հարցման արդյունքների, ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանն առաջին հորիզոնականում է, և դա բնական է, հաշվի առնելով, թե վարչական ինչ ռեսուրս է օգտագործվում ընտրությունների նախաշեմին, սակայն Մեխակյանի վարկանիշը չի ձգում 50-ի, իսկ նրան մի քիչ զիջում է Սևակ Խաչատրյանը, երրորդ տեղում ևս արմատական ընդդիմության ներկայացուցիչն է՝ «Մայր Հայաստան»-ի թեկնածուն, որը Խոյի վարչական ղեկավար է եղել և լայն կապեր ունի։ Այսինքն` մեծ է հավանականությունը, որ Էջմիածնում ևս կրկնվելու է Գյումրու սցենարը, և հետընտրական փուլում ընդդիմադիր դաշինք է ձևավորվելու, որի արդյունքում ՔՊ-ն դառնալու է ընդդիմություն։

Մեզ ասացին, որ վարկանիշը բարձրացնելու նպատակով ՔՊ-ում անգամ որոշ խորամանկությունների են դիմել` ամենասկզբում իրենց պաստառների վրա մեծ տառերով նշվում էր կուսակցության անունը՝ «Քաղաքացիական պայմանագիր», հիմա մնացել է փոքրիկ ձեռքսեղմման լոգոն, փոխարենը մեծ տառերով գրվում է «Մեխակյան»։

«Հրապարակ»