Իմ պաշտպանյալ Հայր Ռուբենը որպես վկա հրավիրվել է հարցաքննության Նաթան Սրբազանին վերագրվող ձայնագրության հետ կապված փաստերը ստուգելու համար նախաձեռնված վարույթի շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
«Իհարկե, Հայր Ռուբենի հարցաքննությունը մեզ համար անակնկալ էր, որովհետև որևէ առնչություն չենք կարողանում գտնել։ Այնուամենայնիվ քիչ անց կմտնենք քննչական մարմին և կհասկանանք, թե ինչու են նորից անհարմարություններ ստեղծում մեր հոգևորականների համար։
Հայր Ռուբենին առաջին անգամ են կանչել։ նախորդ անգամ Արագածոտնի թեմի քահանաների հարցաքննություններն էին, հետո կիրակի օրով քահանաների անհասկանալի ու ոչ իրավաչափ ծանուցումներն էին։ Դրանից հետո մենք որևէ այլ ծանուցումների մասին տեղեկացված չէինք մինչև այսօր տեղի ունեցող հարցաքննությունները, որոնք վաղը նույնպես շարունակվելու են։
Ասեմ, որ Արագածոտնի թեմի ոչ բոլոր քահանաներն են հարցաքննության կանչված նոյեմբերի 12-ին և 13-ին։ Մասնակցենք, տեսնենք ինչ է տեղի ունենում»,–ասաց նա։
Ինքը՝ Մայր Աթոռի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու Հայր Ռուբենըւ լրագրողներին հայտնեց, որ ինքը 15 տարի աշխատել է քրեակատարողական հիմնարկներում որպես պատասխանատու հոգևոր ծառայություն, իսկ Նաթան Սրբազանի հետ չի աշխատել։
«Տեղյակ չեմ՝ ինչու են ինձ հարցաքննության կանչել։ Նաթան Սրբազանի հետ առնչվող ձայնագրության մեջ իմ անունը չի հնչում, բայց եթե նույնիսկ հնչեր, դրանից ի՞նչ։ Ես տեղյակ չեմ՝ ինչու են ինձ հրավիրել»։
Հարցին՝ ինքը որևէ քահանայի հորդորե՞լ է մասնակցել ընդդիմության ցույցերին, Հայր Ռուբենը բացասական պատասխան տվեց. «Ոչ, չի եղել նման բան»։
News.am
