Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Մեղրամիսը Երևանի և Բաքվի, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև, ավարտվեց. այս մասին է վկայում ադրբեջանական հռետորաբանության հետևողական խստացումը։
Ժամանակագրական առումով, ամեն ինչ սկսվեց ադրբեջանցի պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ղեկավար Ազիզ Ալեքպերլիի հայտարարությունից, ով ասաց, որ արդեն ոչ թե 300 հազար, այլ կես միլիոն ադրբեջանցի պետք է «վերադառնա Հայաստան»։
Այն, որ Ալեքպերլիի խոսքերը պատահականություն չէին, այլ Բաքվի պաշտոնական քաղաքական գծի դրսևորում էին, հաստատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով նոյեմբերի 3-ին հայտարարեց, թե «հայերը և Հայաստանը չպետք է վախենան ադրբեջանցիների «վերադարձից»», ինչպես նաև հայտարարեց, որ 20-րդ դարի սկզբի քարտեզներում Սևանա լիճ գոյություն չունի, այլ իբր կա միայն Գյոյչա լիճ։
Ալիևից հետո «խաղի մեջ մտավ» Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը։ Ադրբեջանական արտաքին գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարեց, որ Տիգրանաշեն (Արարատի մարզ) գյուղի և Տավուշի երեք «անկլավների» վերադարձը» մնում է Բաքվի ուշադրության կենտրոնում։ Հաջիզադեին զուգահեռ, հանդես եկավ նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը, ով հայտարարեց, որ եթե Հայաստանը արագորեն չընդունի «միջանցքը բացելու» որոշումը, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը (նկատի ունի Հայաստանի Սյունիքի մարզը-խմբ.), իսկ հետո, խիստ երաշխիքներով, այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի վերահսկողությանը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի»։
Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներն, ինչպես նաև ուժի կիրառման սպառնալիքները պայմանավորված են մի քանի բաղադրիչներով. չնայած նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թվականի հոկտեմբերի վերջին հաստատել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, կողմերը չեն հաստատել միասնական, հստակ քարտեզ, որի հիման վրա պետք է տեղի ունենա սահմանազատումը, և այսօր Ադրբեջանը մեկնաբանում է իրականությունն ի օգուտ իրեն (օրինակ՝ ըստ 1920-ականների խորհրդային քարտեզների՝ ՀՀ տարածքը կազմում է ավելի քան 31 հազար քառակուսի կիլոմետր, և անկլավներ ընդհանրապես չկան, սակայն այդ քարտեզները հիմք չեն ընդունվել սահմանազատման համար, այլ ընդունվել են այլ քարտեզներ, այլ ժամանակահատվածներից)։
Իսկ ինչ վերաբերում է ուժի կիրառման սպառնալիքին, ապա այս դեպքում հարցը հանգում է ոչ միայն նրան, որ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները մանրամասն չեն մշակվել (օրինակ՝ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ժամանակացույցը), այլև այդ պայմանավորվածությունների իրականացման միջազգային երաշխիքների բացակայությանը։
Իրավիճակը կարող է սրվել նաև մեկ այլ պատճառով՝ ներհայաստանյան. ըստ երևույթին, նույնիսկ Ադրբեջանում չեն հավատում Փաշինյանի վերընտրությանը 2026 թվականին։ Եվ սպասվելիք ԱԺ ընտրություններին նախորդող այդ կարճ ժամանակահատվածում, մինչ ՔՊ-ն և Փաշինյանը իշխանության ղեկին են, պաշտոնական Բաքուն կփորձի ստանալ առավելագույն հնարավորը, որպեսզի Հայաստանում քաղաքական փոփոխությունների դեպքում նույնպես լծակներ ունենա ազդելու հայկական նոր իշխանության վրա։ Սա հասկանալի մարտավարություն է։
Մոտակա մի քանի ամիսները կլինեն այն ժամանակահատվածը, երբ Ալիևը Փաշինյանի ձեռքերով կփորձի Հայաստանում ստեղծել տարբեր տեսակի «հենակետեր» (սկսած «անկլավներից» մինչև ադրբեջանցիների ներկայություն Հայաստանում կամ պարտավորություն՝ ընդունել ադրբեջանցիներին և տալ նրանց հատուկ կարգավիճակ), որպեսզի հետագայում ճնշում գործադրի ՀՀ ցանկացած նոր կառավարության վրա։
Այս ամենն ուղղակի հետևանքն է այն բանի, որ 2021 թվականին Փաշինյանը կարողացավ պահպանել իշխանությունը, և դա առիթ է ՀՀ քաղաքացիների՝ իշխանության միակ աղբյուրի համար, մտածելու այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իրենց ընտրական վարքագիծը սպասվող ընտրությունների ժամանակ։ Եթե հայ ժողովուրդը չձեռնարկի իրավիճակին համապատասխան քայլեր, Ալիևը կանգ չի առնի։
Մտածե՛ք այդ մասին․.․»։
