Логотип

Փաստաբան․ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ԱԺ խոսնակի վիրավորանքին արձագանքելու համար

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանին դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Այս մասին ուղիղ եթերում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հայտնել էինք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ապա ձերբակալել Սամսոնյանին։ Փաստաբանի խոսքով` հավանաբար նույն կերպ կվարվեն նաև Վազգեն Սաղաթելյանի հետ։

«Նարեկ Սամսոնյանենց տան դուռը երկար ժամանակ թակել եմ, չէին բացում, ինչը խախտում է։ Ի դեպ, տանը 3 և 5 տարեկան աղջիկ երեխաներ կան, ու առավոտյան ժամը 7-ին դիմակավորված մտել են տուն և սկսել խուզարկություն։ Դա տևեց մոտ 1,5 ժամ։ Հետո քննիչը դուրս եկավ, այնուհետև Նարեկին բավականին կոշտ ձևով, ձեռնաշղթաներով տարան։ Նշեմ՝ ձեռնաշղթան հագցնում են, երբ որևէ հիմք կա, բայց հիմք չկա, դա բացառապես վախեցնելու համար է։ Հոդվածն եմ հարցրել՝ խուլիգանությունն է ու առնչվում է նոյեմբերի 10-ին եթեր հեռարձակված «Իմնեմնիմիին»»,- ուղիղ եթերում ասաց Մելիքյանը։

Նա մի դրվագ նշեց, որ նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հարցազրույցից հետո, նոյեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանը Սամսոնյանին և Սաղաթելյանին անվանել է «շան տղերք»։

«Նոյեմբերի 10-ի իրենց եթերում Վազգենն անդրադառնում է այդ խոսքերին ու կոշտ ձևով, Նարեկն արձագանքում է, բայց չի հայհոյում։ Որտե՞ղ է այստեղ խուլիգանությունը։ Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է»,- ընդգծեց փաստաբանը։

Մելիքյանը նշեց՝ Antifake-ի գրասենյակում նույնպես խուզարկություններ են անցկացվում։

Sputnik Արմենիա