Հայաստանում կատարվողը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։ Այսօր Երևանի քննչական վարչության դիմաց այս մասին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով իշխանության պնդումներին, թե Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը հայհոյանքի համար են պատժվում։ Աշոտյանի խոսքով` կատարվածն իշխանության կողմից ընդդիմադիրների դեմ քաղաքական հետապնդում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել էին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել էին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ողջ տեխնիկան։ Սամսոնյանի և Սաղաթելյանի հարցաքննությունն արդեն ավարտվել է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
«Ժողովրդավարությունը քաղաքական գործիք էր` արևմտաեվրոպական կառույցների համար Հայաստանի կամ որևէ այլ երկրի ներսում լոլոներ կարդալու։ Չզարմանաք, որ Նիկոլ Փաշինյանը Մարագոսին (ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս– խմբ.) գնա ու ասի, որ պարզվել է` Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը Լենինի դամբարանից մի կտոր են պոկել և ռուսական կայսրության գաղտնի երկրպագուներից են, քաղաքական մոլոկաններ են»,– ասաց Աշոտյանը։
Նա զարմացած չէ նաև «Անտիֆեյքի» գրասենյակից տեխնիկան առգրավելու փաստից։
«Տեխնիկան տարել են` կանխելու «Անտիֆեյքի» գործունեությունը։ Այսինքն` ոչ միայն Վազգենի ու Նարեկի հաղորդումը, այլև մյուս պրոյեկտները։ Ամեն անգամ արթնանում ենք ու հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի ավտորիտարիզմը նոր թիրախներ է ընտրում»,– շարունակեց նա։
ՀՀԿ փոխնախագահը վստահ է, որ երկրի ներսում կատարվածը Նիկոլ Փաշինյանն արտերկրում «վաճառելու է» որպես Կրեմլի կողմից կազմակերպված դավադրության կանխում։
