Логотип

ՆԱԽԱՊԱՏՄԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԱՄԲԱՐԱՆ. ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՏԵԼ ԵՆ ՆԵՈԼԻԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Չինաստանի կենտրոնական Հենան նահանգում հնագետները հայտնաբերել են մոտ 5 000 տարվա վաղեմության դամբարան, որը, ենթադրաբար, պատկանել է նախապատմական մի տիրակալի, գրել է China Daily-ն։

Հայտնաբերման վայրում՝ Յունչեն քաղաքի մոտակայքում գտնվող Վանչժուան շրջանում, արդեն հայտնաբերվել է ավելի քան 350 արտեֆակտ, պեղումները շարունակվում են։

Դամբարանը զբաղեցնում է ավելի քան 17 քառակուսի մետր տարածք՝ իր ժամանակի համար անսովոր մեծ տարածք։ Դամբարանը թվագրվում է Դավենկոու մշակույթի միջին և ուշ փուլերով (մ.թ.ա. մոտ 4000-2600թթ.), որը Չինաստանի ուշ նեոլիթի ամենակարևոր շրջաններից մեկն է։

2023-ից ի վեր պեղումները համատեղ իրականացվում են Հենան նահանգի հնագիտության ինստիտուտի, Պեկինի մանկավարժական համալսարանի և այլ գիտական հաստատությունների մասնագետների կողմից։

Պրոֆեսոր Չժու Գուանհուայի խոսքով՝ նոր տվյալները ցույց են տալիս, որ Վանչժուան բնակավայրը սովորական գյուղ չէր, այլ նախապատմական թագավորության մայրաքաղաք։ Մոտավորապես 4,5–4,8 մետր երկարությամբ և 3,5–3,7 մետր լայնությամբ դամբարանն ունի ներքին և արտաքին փայտե սարկոֆագ։ Հայտնաբերված թաղման իրերի թվում էին ավելի քան 100 կերամիկական անոթներ, մոտ 200 փոքր նեֆրիտե զարդեր, ոսկրե գործիքներ և կենդանիների ոսկորներ, այդ թվում՝ խոզի ծնոտներ, որոնք համարվում էին հարստության խորհրդանիշ։

Սակայն հին դամբանատեղին լրջորեն վնասվել է։ Հնագետների խոսքով՝ մահացածի մնացորդները մասամբ դուրս են հանվել, զարդերի զգալի մասը թալանվել է։ Փայտե դագաղում մնացել է միայն մի քանի մատի ոսկոր։

Նեֆրիտե զարդերը ցրված էին ինչպես ներսում, այնպես էլ դրսում, իսկ քարե ծիսական շեղբերը միտումնավոր կոտրվել էին։ Գիտնականները կարծում են, որ վնասումը տեղի է ունեցել թաղումից կարճ ժամանակ անց, հնարավոր է՝ միջցեղային հակամարտության կամ մահացածի իշխանությունը ոչնչացնելու ծեսի հետևանքով։ Ընթացիկ պեղումների շրջանում հնագետները Վանչժուանի տարածքում հայտնաբերել են Դավենկոու մշակույթի ևս 45 դամբարան, որոնցից 27-ը արդեն ուսումնասիրվել է։ Դրանցից մի քանիսը պատկանել են բարձր կարգավիճակ ունեցող անձանց և պարունակում են հարուստ պարագաներ։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է ավելի քան հազար առարկա՝ կերամիկա, նեֆրիտ, քարե և ոսկորային արտեֆակտներ։

Ինչպես նշել է արշավախմբի ղեկավար Լյու Հայվանը, գտածոների նուրբ վարպետությունն ու բազմազանությունը արտացոլում են աշխատանքի բաժանման բարձր մակարդակը և զարգացած սոցիալական կառուցվածքը արդեն չինական քաղաքակրթության արշալույսին։

News.am