«Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հերքեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի այն հայտարարությունը, թե նախկինում ՀԷՑ–ում տասնյակ միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել։
Նշենք, որ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, թե ինքը և իր թիմը կամավոր կերպով հրաժարվել են տասնյակ միլիոնավոր դրամների չափով պարգևավճարներից։
«Տնօրենների խորհրդի աշխատավարձն ու պարգևատրումները չեն մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ։ Այսինքն` Սամվել Կարապետյանն իր գրպանից իր ներկայացուցիչներին տալիս է գումար այնքան, ինչքան գնահատում է։ Թող ասի՝ գլխավոր տնօրենից մինչև ներքև ո՞վ է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Մի դեպք է եղել, որ ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո ազատման դիմում է գրել, և ընկերությունը, գնահատելով նրա 10 տարվա աշխատանքը, որոշակի պարգևատրում է տվել որպես գնացող մարդ»,– ասաց Ղազինյանը։
Ինչ վերաբերում է հավելագրումներին՝ Ղազինյանը հիշեցրեց, որ ՀԷՑ–ն աշխատող ու զարգացող կառույց եղել է ու կմնա, հետևաբար որևէ մեկը չի կարող հայտարարել, որ բոլոր խախտումները բացառվում են։
«Իրենք վարույթի մեջ ներառել են իմ օրոք, իմ թիմակիցների, մեր աշխատակիցների հետ արված լայնածավալ ստուգումները` բյուջետային հիմնարկներում, անգամ ամսաթվով երևում է, որ ներկայացված են ապրիլի, մայիսի ամսվա տվյալներ։ Այսինքն` պետք է այդ հավելումների դեմ ճիշտ պայքարելու քաղաքականություն լինի, եթե չենք պայքարում, ապա խնդիր է։ Իրենք կառավարում են մեր ձևով»,– շարունակեց Ղազինյանը։
Նա հայտարարեց, որ այսօր հանրայնացնելու է կոնկերտ փաստ, որ ժամանակավոր կառավարչի օրոք թաքցվել է շատ լուրջ հավելագրման դեպք, ու այն պարագայում, որ այսօր ՀԷՑ–ի կառավարիչն ավելի լայն լիազորություն ունի։
Հավելենք՝ այսօր շարունակվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին որոշումը։
Sputnik Արմենիա
