Նոյեմբերի 17–ին հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ Այս մասին հայտնել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան եթերում։
Վարդևանյանը պարզաբանել է, որ նոյեմբերի 13-ին Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պետք է որոշում կայացներ պաշտպանական կողմից ներկայացված բողոքի, ինչպես նաև դատախազության կողմից ներկայացված բողոքների վերաբերյալ։
«Դատախազության կողմից ներկայացված բողոքը վերաբերում էր տնտեսական բնույթի 2 անիմաստ և աբսուրդային մեղադրանքների` կապված հիմնավոր կասկածի հաստատմանը, ինչպես նաև փաստացի կալանքի 1-ամսյա ժամկետը 2-ամսյա կալանքի վերածելու։ Մեր կողմից ներկայացված բողոքը, վերաբերում էր նրան, որ հայտնի կոչերի դրվագով չի կարող լինել հիմնավոր կասկած, ինչպես նաև, որ կալանքը րոպե շուտ պետք է վերացվի։ Դատարանը որոշեց 2 բողոքները մերժել նոյեմբերի 13–ին»,-նշել է նա:
Մեր փաստաբանական թիմի բողոքը առավել քան հիմնավոր էր։ Դատարանը որոշեց երկու բողոքները մերժել նոյեմբերի 13-ին։ Ի դեպ այստեղ օրը բավականին կարևոր է, քանի որ եթե քննիչը բոլոր դեպքերում որոշելու էր երկարաձգման միջնորդությամբ հանդես գալ, ապա նոյեմբերի 13-ը հենց վերջնաժամկետն էր այդ օրվա համար։
Հենց օրվա առաջին կեսը, ի դեպ, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից տեղեկանում ենք, որ երկու բողոքներն էլ մերժվել են, այսինքն դատավոր Դոլմազյանի այն որոշումը, ըստ որի մեկ ամիս առավել քան բավարար է, որպեսզի քննիչը կամ կոչի դրվագով գործի վարույթը կարճի կամ դատարան ուղարկի, մնաց անփոփոխ։
Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ մեր կողմից ներկայացված մի շարք փաստարկներ ընդունելի են, որ նման իրավիճակում այլևս կալանքի նման շարունակականությունը, տևողությունը չի կարող լինել համաչափ։ Կարելի է ասել, այստեղից հետևությունը նա է, որ թեև վերաքննիչ դատարանը մերժեց մեր բողոքը, բայց այնպիսի իրավական դիրքորոշում արձանագրեց, որի պայմաններում կալանքի շարունակականության լրջագույն դժվարություն ունեն իրավապահ մարմինները։
Եվ նոյեմբերի 13-ի վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, այստեղ օգնության է գալիս վճռաբեկ դատարանը։
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ վճռաբեկ դատարանը վարույթ ընդունելով դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին, փաստորեն 2025 թվականի նոյեմբերի 13-ին արդեն որոշում է կայացրել։ Այսինքն նույնիսկ մեկ ամիս չի պահանջվել վճռաբեկ դատարանին, որ նման որոշում կայացնի։ Եվ սա իսկապես ռեկորդ է և կարելի է շնորհավորել վճռաբեկ դատարանին, որ նման արագությամբ կարողանում է որոշումներ կայացնել»,–ասաց նա՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանի որոշման օրինակ չի ստացել։
News.am
