ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին քննարկումն այսօր ևս ավարտվեց առանց որոշում կայացնելու։ Նիստը կշարունակվի նոյեմբերի 17–ին` ժամը 10–ին։
«Տաշիր Կապիտալ» ընկերության իրավաբան Արամ Օրբելյանը մինչ այդ պահանջեց, որ ՀԾԿՀ-ը նիստը շարունակվի կա՛մ վաղը, կա՛մ երկուշաբթի։ Նա այս մասին վրդդովված հայտարարեց, երբ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը փորձում էր հերթական 10 րոպեանոց ընդմիջումը հայտարարել ու վերադառնալ հարցի քննարկմանը։
«Ես արդեն չեմ խնդրում, արդեն պահանջում եմ. 8 ժամից ավել նիստն է գնում, այսօր էլ չենք կարող շարունակել։ Մնացել է ելույթների փուլը, ու դա չի կարող հիմա շարունակվել, ես արդեն ձևական չեմ ասում։ Ռեալ չի մարդիկ այսքան աշխատենք առանց նորմալ մի քանի ժամանոց ընդմիջման։ Աշխատանքային օրեսգիրքը սահմանում է, որ արտաժամյա աշխատանքի տևողությունը չի կարող լինել երկու օրում ավելին քան 4 ժամ։ Մենք արդեն անցել ենք այդ սահմանը»,- ասաց Օրբելյանը։
Նա հորդորեց ՀԾԿՀ նախագահին նաև իր աշխատակիցներին չենթարկել աշխատանքային թրաֆիկինգի։ Մեսրոպ Մեսրոպյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց որոշում կայացնելու համար։
Ընդմիջումից հետո նա առաջարկեց միջնորդությունները քննել հիմա, բայց ելույթները թողել երկուշաբթի, որպեսզի հնարավոր լինի նիստը կազմակերպել 10։00–ից մինչև 14։00-ն։
Որոշվեց, որ նիստը կշարունակվի երկուշաբի օրը՝ նոյեմբերի 17–ին, ժամը 10։00-ից։
Կողմերը պայմանավորվեցին, որ երկուշաբի ամփոփիչ ելույթները չեն գերազանցի 2,5 ժամը, ու նիստը կավարտվի մինչև 14։00-ն։
Sputnik Արմենիա
