Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը դիտորդական առաքելության ընթացքում արձանագրած խախտումները բաժանել է երկու խմբի՝ բովանդակային ու տեխնիկական։
Տեխնիկական խախտումներից են, օրինակ, տեղամասերից մեկից գիշերվա ընթացքում ուղիղ եթեր չի հեռարձակվել, մի տեղամասում քվեախուցը տեղադրված է եղել ցայտաղբյուրի մոտ, ինչը հնարավորություն էր տալիս ցայտաղբյուրից օգտվող մարդկանց հետևել քվեախցում իրականացվող քվեարկությանը։
Եղել է դեպք, երբ ՔՊ ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուն ընտրատեղամասերից մեկում եղել է վստահված անձ։
«Եղել են ուղղորդման դեպքեր, նույն մեքենան տարբեր ընտրողների է բերել տեղամաս։ Այս պահի դրությամբ՝ ժամը 16։00-անց է, ընդհանուր գնահատական եթե տանք, իմ կարծիքով, տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող են քվեարկության արդյունքները կասկածի տակ դնել։ Այս բոլոր խախտումներն մենք արձանագրել ենք»,-ասաց Գոհար Մելոյանը։
«Ունեցել ենք արձանագրված երկու դեպք, երբ հրապարակայնորեն ցույց են տվել իրենց ընտրած քվեաթերթիկը։ Դեպք է եղել, որ ցույց չի տվել քվեաթերթիկը, բայց հրապարակել է՝ ում է տալու իր ձայնը։ Նաև քվեաթերթիկը պատռելու դեպք եղավ, որից հետո հետ եկավ՝ ընտրելու ցանկությամբ։
Եղավ դեպք, որ ընտրությանը մասնակցող թեկնածուն նաև վստահված անձ է եղել»։
Ամփոփելով՝ Գոհար Մելոյանն արձանագրեց․ «Այնպիսի ծավալի ընտրախախտումներ չեն եղել, որոնք ընտրության արդյունքները կարող են կասկածի տակ դնել»։
News.am
