Իրանի իշխանությունները հայտարարել են, որ դադարեցնում են երկխոսությունը եվրոպական երկրների հետ միջուկային հարցի շուրջ՝ վկայակոչելով «snapback» (վերականգնման) մեխանիզմի գործարկումը, գրում է «Վզգլյադ»-ը։
Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ վերսկսել բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նման որոշման պատճառ է դարձել «եվրաեռյակի» կողմից «snapback» մեխանիզմի գործարկումը, որն ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնմանը։
Խատիբզադեն հստակեցրել է, որ «եվրաեռյակի» հետ միջուկային օրակարգի քննարկումն ավարտվում է, քանի որ, նրա կարծիքով, եվրոպական երկրները գործել են՝ հակասելով միջազգային իրավունքի նորմերին։ Նա ընդգծել է, որ Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ հարաբերություններն այլ հարցերով պահպանվում են, սակայն միջուկային թեմայի շուրջ երկխոսությունն այլևս հնարավոր չէ։
Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Ռուսաստանի և Չինաստանի կողմից առաջարկված բանաձևի նախագիծը, որը վեց ամսով երկարաձգում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը սատարող 2231 բանաձևի գործողության ժամկետը։ Սեպտեմբերի 28-ին Անվտանգության խորհուրդը Իրանի դեմ պատժամիջոցների համալիր է գործի դրել։
Սեպտեմբերի 29-ին Եվրամիության խորհուրդը, «եվրաեռյակի» օրինակին հետևելով, մասնակիորեն վերականգնել է Իրանի դեմ սահմանափակումները։ Այդ միջոցները ներառում են որոշ անձանց մուտքի արգելք, ակտիվների սառեցում, առևտրային սահմանափակումներ, Եվրոպայում իրանական բանկերի աշխատանքի սահմանափակումներ և եվրոպական օդանավակայաններում իրանական բեռնատար չվերթների սպասարկման արգելք։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը քննարկել էին իրանական միջուկային ծրագիրը՝ նշելով նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը։ Հարձակումների հետևանքով առանցքային միջուկային ենթակառուցվածքների վնասման պատճառով Իրանը դադարեցրել է ուրանի հարստացումը։
Verelq․am
