Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու վարույթը հիմնված չէր փաստական հանգամանքների վրա։ Այսօր ՀԾԿՀ որոշումից հետո այս մասին հայտարարեց ՀԾԿՀ անդամ Արա Նռանյանը, որը հանձնաժողովի 5 անդամից միակն էր, որ դեմ քվեարկեց որոշմանը։
Ինչպես հայտնի է, այսօր` նոյեմբերի 17–ին, ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
«Թեև ասում են, որ կենտրոնացել են փաստական հանգամանքների վրա, բայց վարույթը հարուցվել է ենթադրությունների վրա, որոնք նշված են լիազոր մարմնի ներկայացուցչի կողմից։ Վարույթն իրականում գնացել է բոլորովին այլ ուղղությամբ, ինչը ընդհանրապես չի համապատասխանում վարույթի անցկացման այն մեթոդաբանությանը, որն ընդունված է հանձնաժողովում և երկրում։ Բազմաթիվ դիմումներ ենք ստանում, բայց երբեք միայն դիմումի հիման վրա վարույթ չենք կարող հարուցել մինչև չհամոզվենք, որ առկա են խախտումներ, մինչև փաստական հիմքեր չեն ներկայացվել։ Այս պարագայում մենք սկզբից հարուցել ենք վարույթ, հետո մտածել փաստերի մասին»,– ասաց նա։
Նռանյանը հիշեցրեց, որ Սահմանադրական և Վարչական դատարաններում այս պահին գործեր կան, որոնց հետ կապված որոշումներն ուղղակի ազդեցություն են ունենալու այս գործընթացի վրա, հետևաբար, վարույթը պետք է կարճվեր մինչև որոշումը։
«Եթե դեկտեմբերի 16–ին ՍԴ–ն օրենսդրական փոփոխությունը որևէ կետով ճանաչի հակասահմանադրական, այս ամբողջ գործընթացը կարող է դառնալ հակասահմանադրական։ Երբ այս հարցը տվեցի, ինձ ասացին, որ վարույթի կազմման վրա ավելի շատ կենտրոնացել են փաստական հանգամանքների վրա, բայց որպես հանձնաժողովի անդամ, չեմ կարող հաշվի չառնել, որ ՀԾԿՀ մասին օրենքի 33, 34 հոդվածներն ասում են, որ նման դեպքերում վարույթը պետք է կասեցվի կամ կարճվի։ Իսկ այն հարցը, թե ինչ հետևանք է լինելու, եթե գործընթացը հակասահմանադրական ճանաչվի, պատասխան չստացա»,– ասաց Նռանյանը։
Այս համատեքստում Նռանյանը նկատեց, որ իր բարձրաձայնած հարցի անպատասխան մնալն անթույլատրելի է, քանի որ այս գոործընթացի արդյունքում մարդիկ են ազատվում աշխատանքից և ֆինասական ծախսեր են լինում։
Արա Նռանյանի խոսքով` ընկերության միլիարդավոր շրջանառության պարագայում մի քանի միլիոն դրամի խախտումները, ընդ որում՝ մի քանի տարվա ընթացքում, չեն կարող համարվել զգալի։ Տվյալ դեպքում, ի տարբերություն այլ դեպքերի, նույնիսկ լիցենզիայից զրկելուց հետո ընկերությունը կարող է շարունակել աշխատանքը։
Նռանյանը հավելեց, որ օրենքով` պետությունը 3 ամսվա ընթացքում սեփականատիրոջ հետ համաձայնության չգալուց հետո կարող է գնել ընկերությունը, սակայն դա կարող էր անել առանց լիցենզիայից զրկելու։
«Այնպես չէ, որ ՀԷՑ–ում խնդիրներ չկան. բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում, մենք բոլորս ենք դրանք տեսնում։ Եվ ես կարծում եմ, որ պատշաճ վարույթի դեպքում պետք էր ՀԷՑ-ին տուգանել ոչ թե ինչպես նախկինում՝ 10 կամ միլիոնավոր դրամներով, այլ լուրջ պատժել, որպեսզի սեփականատիրոոջ ուշադրությունը հրավիրվեր «ՀԷՑ»-ի բազմաթիվ իրական խնդիրների վրա», նշեց Նռանյանը։
