Առաջիկա 3 ամիսներին պետությունն ու ՀԷՑ-ի սեփականատերը կամ տնօրենների խորհուրդը պետք է բանակցություններ վարեն՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման հարցի շուրջ։ Այսօր ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ բացատրելով, թե օրենքով ինչ գործընթացներ են հաջորդելու կայացված որոշմանը։
Հայտնել էինք, որ այսօր` նոյեմբերի 17–ին, ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
«Մենք ընդամենը դադարեցրեցինք ՀԷՑ-ի լիցենզիան, բայց դրան պետք է հաջորդեն գործընթացներ։ Առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ կամ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե այդ 3 ամիսների ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը»,- ասաց Մեսրոպյանը։
Հավելեց՝ այս փուլում դժվար է կանխատեսել, թե ինչ սցենարով կլինի ընթացքը, ժամանակը ցույց կտա։
Sputnik Արմենիա
