Логотип

ՌԵԺԻՄԻ ՉԱՎԱՐՏՎՈՂ ՍԱՐՍԱՓՆ ԱԶԱՏ ԽՈՍՔԻՑ. ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ՝ ՔԿՀ-ԻՑ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

«Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ։ Այսօր տեղեկացա, որ Իդի Ամինի «փառքին» ձգտող ռեժիմը որոշել է հիմա էլ վայրի հարձակում սկսել Հայաստանի ժուռնալիստների միության նկատմամբ։ Ռեժիմը ցանկանում է խլել Հայաստանի ժուռնալիստների միության գույքը և, ըստ էության, ժանրի կանոններով այն կհասցնի իր տրամաբանական ավարտին։ Բորենիների ռեժիմի նման գործելաոճն ինձ համար զարմանալի և անակնկալ չէ, ինչպես, վստահաբար, զարմանալի չէ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, փորձառու լրագրող Սաթիկ Սեյրանյանի համար, ինչի մասին վերջինս ծավալուն գրառում էր կատարել։ Հարցն այստեղ Ժուռնալիստների միությունը, Սաթիկ Սեյրանյանն ու հետապնդման ենթարկվող մյուս ԶԼՄ-ները չեն, այստեղ հարցը ռեժիմի կողմից մամուլի և ազատ խոսքի հանդեպ գործած հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի գործիքակազմ կիրառելն է։

Աշխարհն ամեն օր պետք է իրազեկվի մեր երկրում տիրող ծայրահեղ ավտորիտար բարքերի մասին։ Արևմուտքը որքան էլ «փակել է աչքերը, ականջներն ու բերանը», պետք է ստիպված լինի լսել, տեսնել ու արձագանքել տեղի ունեցող այլանդակություններին։

Իմ ամբողջական համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով Հայաստանի ժուռնալիստների միությանն ու դրա նախագահ Սաթիկ Սեյրանյանին՝ տեղեկացնում եմ, որ AntiFake.am-ի թիմը եկող շաբաթվանից պլանավորում է իրականացնել լայն արշավ միջազգային կառույցներին տեղի ունեցողի մասին ազդարարելու և նրանցից կարծիք կորզելու համար։ Մեր աջակիցներին, որոնք գտնվում են Արևմտյան երկրներում, կոչ եմ անում, խնդրում եմ կազմակերպել պիկետներ (թեկուզ սակավամարդ) այդ երկրների համապատասխան գերատեսչությունների առջև, համառորեն անել ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ իրազեկվեն և կարծիք հայտնեն Հայաստանում մարդու իրավունքների և խոսքի ազատության դեմ տեղի ունեցող այս լկտի արշավի վերաբերյալ։ Վստահ եմ, որ գոնե ապագայի համար վերոգրյալ գործիքակազմն արդյունավետ է լինելու (հետո չասեն՝ չգիտեինք)։

Ռեժիմի կողմից այս ամենաթողությունը երկար չի կարող շարունակվել, և ինչ-որ պահի «զսպանակը պոռթկալու է», և սրա մասին բոլորից լավ գիտի ռեժիմի պարագլուխը, ու հենց այդ գիտակցումն է վերջինիս՝ խոսքից սարսափելու պատճառը։

Հ.Գ. Տեղեկացա նաև, որ Armcomedy-ն եթեր է հեռարձակել «մի հրաշալի» զրույց խոսքի ազատության ոտնահարման, մարդկանց վրա թքելու, սեռական բնույթի բառապաշարի առաջամարտիկ և ընդամենը 4 օր առաջ մեզ հայհոյելուց հետո ուղիղ ցուցումով բանտ ուղարկած ալեն սիմոնյանի հետ։ Տեղյակ եմ նաև ալենի սիրելի բլոգերների արածի նկատմամբ հանրային արձագանքի մասին։ Մեզնից կարծիք էիք հարցնում Armcomedy-ի մասին և, հուսով եմ, դուք ստացաք ձեր հարցի պատասխանը և, ինչպես այսպիսի պարագաներում պահանջում է ժանրի կանոններն ու հանրային պահանջը՝ dislike և unsubscribe:

Քաղբանտարկյալ Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ, «Արմավիր» ՔԿՀ

16.11.2025թ.»։

Panorama.am