Логотип

«Զգուշացե՛ք փարիսեցիներից». Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հայտարարությունը

ՀՀ–ում պետական ապարատի ճնշումների ներքո այսօր շինծու մեղադրանքներով, անհեթեթ պատճառաբանություններով ձերբակալություններ են կատարվում, մարդկանց են պատանդ վերցնում և թշնամաբար հաշվեհարդար տեսնում, նրանց ազատությունը սահմանափակելու միջոցով փորձում են վախեցնել, ճնշել, արդար ձայնը լռեցնել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, փոխանցում է թեմի մամուլի ծառայությունը։

«Վարչակազմի այս բացահայտ գործելաոճը չի տեղավորվում ո՛չ սահամանադրական, ո՛չ օրենսդրական, ո՛չ միջազգային, ո՛չ էլ համամարդկային ու բարոյական արժեհամակարգի մեջ և հիշեցնում է անաստվածության տարիները, երբ կեղծ մեղադրանքներով շինծու դատավարություններ էին իրականացվում ու մարդկային ճակատագրեր խեղվում»,– նշել է արքեպիսկոպոսը:

Նրա խոսքով` բանտախցերում հայտնված մարդիկ, որոնց թվում են նաև իր հարազատ եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին, իրենց հավատքը, արժանապատվությունը, հայրենիքը պաշտպանող հայորդիներ են, որոնց նկատմամբ քաղաքական բռնաճնշումներն իրականացվում են քինախնդրությամբ և օրենքի կոպիտ խախտումով՝ պետականամետության շղարշի ներքո:

«Իշխանությունն այսօր, կորցնելով իր բարոյական կշիռը, դարձել է վտանգավոր մի խմբակ, որը «ո՛չ Աստծուց է վախենում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում, անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ է անում օրենքը, խլում ուրիշների իրավունքը», և «վայելում» անպատժելիության պտուղները։ Սակայն չպիտի մոռանանք, որ անպատժելիությունը մարդուն հաճախ դրդում է հիմար և ստոր արարքների»,– ընդգծել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Նա հիշեցրել է ՀՀ գործող իշխանությունների խոստումները սիրո, համերաշխության ու միասնության մասին, որոնց փոխարեն այսօր ունենք անմիաբանություն, ատելություն, պառակտում, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ նվաստացուցիչ ձախողումներ:

«Հենց այս տեսակի մարդկանց մասին է Քրիստոս ասում. «Զգուշացե՛ք փարիսեցիներից»: Իսկ մենք գիտենք, որ փարիսեցիները տարբեր միջոցներով ու խորամանկություններով կոծկում են կատարած չար գործերը, որոնք բխում են խաբեբա ու խորամանկ, վախկոտ ու իշխանատենչ, փառասեր ու արծաթասեր սրտից, և փորձում են արդար երևալ՝ որպես Աստծո «երկրպագողներ»»,– եզրափակել է արքեպիսկոպոսը։

Sputnik Արմենիա