Շաբաթ օրը՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ նախագահ Սիմոնյանն ու ՔՊ-ական պատգամավոր Գաբրիելյանը հանկարծ հիշեցին, որ Հայաստանի Ժուռնալիստների միության շենքում գտնվող տարածքները «ապօրինի ընթացակարգերի միջոցով հայտնվել են տարբեր անձանց ու կազմակերպությունների տրամադրության տակ»։ Իսկ դա նշանակում է, որ պետք է շտապ կարգով խլել այդ տարածքները նրանցից և «վերադարձնել պետությանը». այդ պահանջով «ժողովրդավարության բաստիոնի» երկու «սյուները» դիմել են դատախազություն։
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՑԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը»,- ասված է սոցցանցերում Գաբրիելյանի արած գրառման մեջ: Դե ինչ, կասկած չկա, որ նշյալ դատարանը կբավարարի իշխող կուսակցության պատգամավորների պահանջը և շենքից կվռնդի Ժուռնալիստների միությունը, ինչպես նաև այնտեղ տեղակայված լրատվամիջոցներին։ Եվ հայ մամուլի համար խորհրդանշական «Դոմժուռ»-ը կդադարի լինել այն «տունը», որով անցել են հայ լրագրողների բազմաթիվ սերունդներ, սկսած անցած դարի 70-ական թվականների վերջից։
Թե կոնկրետ որ շրջանի «անօրինական ընթացակարգերի» մասին է խոսքը, անհասկանալի է։ Բայց հասկանալի է, թե ինչ «անձանց և կազմակերպությունների» դեմ և, որ ամենակարևորն է՝ ինչ պատճառով են կատաղել նախկին լրագրող (!!) Գաբրիելյանն ու երկրի ամենահայտնի թքող Սիմոնյանը։ Ամեն ինչ շատ պարզ է և կանխատեսելի. դա Սաթիկ Սեյրանյանն է և նրա ղեկավարած Հայաստանի Ժուռնալիստների միությունը և նույն շենքում տեղակայված «168 ժամ»-ի խմբագրությունը: Սաթիկը նաև «Pressing» հայտնի հաղորդման հեղինակն ու վարողն է:
Ավելորդ է նշել, որ և՛ պարբերականը, և՛ հաղորդումը խիստ ընդդիմադիր են երկիրը բռնազավթած հանցախմբին, իսկ Ժուռնալիստների միությունը հետևողականորեն կատարում է մեր իրականության մեջ իր հիմնական գործառույթներից մեկը. հանդես է գալիս լրագրողների հետապնդումները և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները դատապարտող հայտարարություններով:
Ըստ էության, ՀԺՄ-ի և Սեյրանյանի դեմ գրոհը հերթական օղակն են իշխանությունների հակահայկական քաղաքականությունը քննադատող և իշխող կուսակցության ու դրա պարագլխի հանցագործությունները բացահայտող լրատվամիջոցների նկատմամբ վերսկսված հալածանքների շղթայում։ Առաջին ահազանգը (խոսքը վերջին շաբաթների մասին է) Հայ Առաքելական եկեղեցու «Շողակաթ» հեռուստաալիքի փակումն էր, ինչպես նաև «Առավոտ» թերթի խմբագրությանն ուղղված պահանջը՝ ազատելու Մամուլի տան այն տարածքները, որոնք թերթը զբաղեցրել է ավելի քան 30 տարի:
Նոյեմբերի 14-ին ավերվել և թալանվել է «Անտիֆեյք» կայքի գրասենյակը, որտեղ նկարահանվում էր հանրահայտ «Իմնեմնիմի» փոդքասթը, իսկ դրա հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ցուցադրական դաժանությամբ ձերբակալվել են, ապա 2 ամսով կալանավորվել:
Իրեն ժողովրդավար համարող երկրի համար ամոթալի բոլոր այս իրադարձություններին Ժուռնալիստների միությունը տվել է համապատասխան գնահատական, տեղեկացնելով նաև միջազգային գործընկերներին: Դե, իսկ թե ինչպես է Սաթիկ Սեյրանյանի և նրա ղեկավարած խմբագրության գործունեությունը նյարդայնացրել իշխանություններին, լոկ կռահել կարելի է։ Ուստի, ինչպես նշում է ինքը՝ լրագրողուհին, ԶԼՄ-ների վրա բացահայտ հարձակման մեջ իր համար անսպասելի ոչինչ չկա։
«ՊԱՐԶ ԷՐ, ՉԷ՞, ՈՐ ՀԵՐԹԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆՆ Է։ Անկեղծ ասեմ՝ ոչինչ անսպասելի չէր, 7 տարի շարունակ սպառնալիքներ եմ լսում և´ իմ, և´ իմ ղեկավարած կառույցի՝ Հայաստանի Ժուռնալիստների միության, և´ իմ ղեկավարած լրատվամիջոցի հասցեին»,- գրել է Սեյրանյանը՝ նշելով, որ ամեն ինչ արձանագրված է, այդ թվում՝ անձնական բնույթի սպառնալիքներն ու արհեստական ինտելեկտի միջոցով սարքած կեղծ տեսանյութերը։
Խորհրդանշական է, որ «քը՛ս» հրամանի համար անմիջական առիթ դարձավ 168.am կայքում տեղադրված նյութը, որի հղումը կար նաև Սաթիկի ֆեյսբուքյան էջում: Դրանում խոսքը թուրքական ԶԼՄ-ների հրապարակած այն հաղորդագրության մասին էր, որ «Փաշինյանը, Էրդողանի խնդրանքով, կարգադրել է 10 մզկիթ կառուցել Հայաստանում»։ Ընդ որում այս հաղորդագրությունը տարածել էին նաև մի շարք Տելեգրամ-ալիքներ և ցանցային այլ պարբերականներ: Բայց թիրախ դարձան հենց Սեյրանյանն ու «168 ժամ»-ը, հընթացս էլ՝ ՀԺՄ-ն։
Նյութին սկզբում արձագանքեց Նիկոլի մամլո խոսնակը՝ «չոլկա Նազո» մականունով, որը Սեյրանյանի ու թերթի վրա տեղաց իր ու շեֆի ողջ կուտակված «արդար ցասումը»։ Բաղդասարյանը հայտարարեց, թե իբր՝ հերթական անգամ «հայկական որոշ ԶԼՄ-ներ տարածում են կեղծ տեղեկատվությունը», որը թողարկել է թուրքական օդա.թվ կայքը։ Եվ մեղադրեց նրանում, թե չեն բարեհաճել ստուգել տեղեկատվությունը, այլ անմիջապես վերատպել են։
Դե, նախ, ինչպե՞ս պիտի ԶԼՄ-ները, առավելևս՝ ընդդիմադիր, «ստուգեին» հաղորդագրության իսկությունը։ Նազոյին հարցնենք, թե՞ դիմենք անձամբ Նիկոլին, ասենք՝ խոստովանի՛ր, Էրդողանին խոստացել ես մզկիթ կառուցել, թե՞ ոչ։ Ու նա էլ, ըստ երևույթին, պիտի պատասխանի՝ մամայիս արև, չեմ խոստացել։ Երկրորդ, պարզապես ծիծաղելի է, որ համատարած ստի ու կեղծիքի մեջ թաղված, ֆեյքերի մի ամբողջ «կայսրություն» ստեղծած իշխանությունը մեղադրում է մամուլին «չստուգված տեղեկատվություն տարածելու» մեջ, մանավանդ որ խոսքն ընդամենը հաղորդագրության վերատպման մասին է։ Այսինքն՝ նրա, ինչով բոլոր լրատվամիջոցները զբաղվում են ամեն օր, չստուգելով հավաստիությունը, այլ միայն հղում անելով աղբյուրին։
Երրորդ, Բաղդասարյանն ու իր իշխանավոր ընկերները չեն հերքում թուրքական լրատվամիջոցի հաղորդագրությունը, այլ մեղադրում են հայ լրագրողներին դա տարածելու համար։
Վերջապես՝ չորրորդ։ Ի՞նչ անճշմարտանման բան կա հրապարակված լուրի մեջ՝ Հայաստանի թուրքացման ակնհայտ գործընթացի և թուրքերի ցանկացած հրահանգի, պահանջի ու քմահաճույքի կատարման խորապատկերին։ Բացարձակապես ոչ մի, և բոլորն էլ հասկանում են, որ տեղեկատվության հավաստիության հավանականությունը շատ ավելի մեծ է, քան անհավաստիությանը: Ի վերջո, եթե իշխանությունները բացահայտ համաձայն են և առաջ են մղում հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում, ապա մզկիթներ կառուցելուն համաձայնելը օբյեկտիվորեն բխում է դրանից։
Եվ այդ տեղեկատվությունն այնքան տագնապալի ու վտանգավոր է երկրի համար, որ լրատվամիջոցներն անմիջապես տարածեցին այն։
ՇԱՏԵՐԻ ԹՎՈՒՄ՝ «168.ԺԱՄ»-Ը ԵՎ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ: Բայց հենց վերջիններիս նկատմամբ իշխանական ճամբարում իսկական վհուկատոն սկսվեց, իսկ նյութի հրապարակումից մեկ-երկու ժամ անց Գաբրիելյանն ու Սիմոնյանը հանկարծ իմացան «ապօրինի ընթացակարգերի» մասին և պահանջեցին ազատել տարածքները։
Այս ամենը, կրկնեմ, այնքան պրիմիտիվ է, որ կծիծաղեինք, եթե դա տեղի չունենար մեզ հետ այստեղ և այս պահին։
«Սրանք գործում են մի կետից ուղղորդմամբ, համակարգված՝ հստակ դերաբաշխմամբ, պաշտոնական մակարդակում նախաձեռնելով կեղծ գործընթաց, և դա ուղեկցելով սոցիալական ցանցերում սանձարձակ քարոզչական աղմուկով, կամ հակառակը: Չի հանդուրժվում որևէ այլախոհություն, այլակարծություն:
Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գործիքակազմը, գռեհիկ բառապաշարը, սկսած՝ ընտանիքներ մտնելուց, մասնավոր ու անձնական կյանքի կոպիտ խախտումներ անելուց»,- գրել է Սաթիկ Սեյրանյանը՝ ընդգծելով, որ այդ գործողություններն անպատասխան չեն մնա։
Կարելի է ենթադրել, որ հաջորդելու է հերթական դատական հայցը, որոնց օգուտը, նույնիսկ եթե պատահականորեն կայացվում են ոչ իշխանության ներկայացուցիչների օգտին, գործնականում զրոյական է։ Պարզ է, որ իշխանություններին անհաճո ԶԼՄ-ների հալածանքը լոկ կսաստկանա ընտրությունների մոտենալուն զուգընթաց, և հույժ անհրաժեշտ է ձևավորել լրագրողական միասնական ճակատ՝ բռնաճնշումներին դիմակայելու համար։ Ցանկացած ընդդիմադիր մեդիառեսուրս, նամանավանդ՝ կայացած ու լայն լսարան ունեցող, Նիկոլի կողմից ընկալվում է որպես անձնական թշնամի, դրանից բխող բոլոր հետևանքներով։
«Երկրում այսօր պայքարում են միայն փաստաբաններն ու լրագրողները»,- գրել է սոցցանցերի օգտատերերից մեկը: Հարկ չենք համարում առարկել կամ համաձայնել ասվածին, բայց մի բան պարզ է. չի կարելի թույլ տալ, որ իշխանությունները խլացնեն և ճնշեն հասարակության գլխավոր մասնագիտական ինստիտուտներից մեկին, որը կատաղի դիմադրում է ազգային աղետի վերջին ակորդին։
