Логотип

Երևանի Կարմիր կամուրջը վերականգնման աշխատանքներից հետո բացվել է

Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանն ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո բացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Միջոցառման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Երևանի պատմամշակութային ժառանգությունն ավելի տեսանելի և հասանելի դարձնելու նպատակով շարունակական աշխատանքներ են իրականացվում, մասնավորապես Երևանի ուրարտական ժառանգությունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում։

«Կարմիր կամուրջ» հուշարձանի վերականգնումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Հուշարձանը վերականգնվել է 2024-2025 թթ. բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով` պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հուշարձանը գտնվում է Հրազդան գետի վրա։ Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5 մ լայնություն։

Նախարարությունից նշում են, որ միմյանց կապելով Հրազդանի կիրճի ափերը՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր:

Կամուրջը 10-13-րդ դարերի կառույց է, սրբատաշ ճակատներով, թաղերով և թաղակիր ատամնաձև շարվածքով եռաշերտ պրոֆիլավոր ճակատային կամարներով: Իր գոյության ընթացքում կառույցը պարբերաբար վնասվել է երկրաշարժերից և պատմական տարբեր փուլերում տեղի ունեցած իրադարձություններից։

1679 թվականի ուժգին երկրաշարժից հետո կամուրջը հիմնովին վերակառուցվել կամ կառուցվել է՝ մեծահարուստ վաճառական, քանաքեռցի բարեգործ Խոջա Փլավի (իրական անունը՝ Հակոբ) հովանավորությամբ: Կամուրջը երբեմն անվանում են նաև Խոջա Փլավի կամուրջ, իսկ «Կարմիր» է կոչվել թրծված աղյուսի ու կարմիր տուֆաքարերի գունային երանգների համար:

Գերատեսչությունից նաև տեղեկացնում են, որ մինչ 2024–2025 թթ. ամբողջական վերականգնումը՝ պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարը և հյուսիսային խուցը։

Sputnik Արմենիա